«Արարատ Միրզոյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով դատական նիստը հետաձգվել է. փաստաբան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ այսօր նշանակված՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի քաղաքացիական հայցով դատական նիստն ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի, հետաձգվել է: 168.am-ին հայտնեց Արարատ Միրզոյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Գրիգորյանը:
«Պատասխանողի ներկայացուցիչ՝ Նարեկ Սամսոնյանի փաստաբանը դիմում էր ներկայացրել դատարան՝ խնդրելով համաճարակով պայմանավորված՝ հետաձգել գործի քննությունը: Նիստը հետաձգելու խնդրանքը բավարարել են և հաջորդ նիստը նշանակել հունիսի 29-ին»,- ասաց Լուսինե Գրիգորյանը:
Նշենք, որ այսօրվա դատական նիստին թե՛ հայցվոր Արարատ Միրզոյանը, թե՛ պատասխանող Նարեկ Սամսոնյանը և իր ներկայացուցիչը ներկա չեն եղել:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական գիտակցության» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի դեմ քաղաքացիական հայց էր ներկայացրել 2019 թվականի դեկտեմբերի 23-ին՝ պահանջելով վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում, նախապես վճարված պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումարների բռնագանձում:
Արարատ Միրզոյանը պահանջում է Նարեկ Սամսոնյանից հօգուտ իրեն գանձել մոտ 3.5 մլն դրամ, որից 1 մլն-ը՝ որպես վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցում, 2 մլն դրամը՝ որպես զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցում, և 468.000 դրամ՝ նախապես վճարած պետական տուրքի և փաստաբանի վարձատրության համար:
Դատարանը 2020 թվականի հունվարի 13-ին Արարատ Միրզոյանի փաստաբանի ներկայացրած հայցադիմումը վերադարձնելու որոշում էր կայացրել՝ արձանագրելով, որ հայցադիմումում նշված չեն եղել այն փաստերը, որոնց հիման վրա կազմվել է հայցադիմումը, ինչպես նաև հայցի առարկան հստակ և կոնկրետ չի եղել: Հայցը կրկին ներկայացնելուց հետո 2020 թվականի փետրվարի 12-ին վարույթ էր ընդունվել:
Հիշեցնենք նաև, որ հայցի հիմք է հանդիսացել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի 2019 թվականի նոյեմբերի 24-ին ֆեյսբուքյան էջում կատարած գրառումն այն մասին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մերձավորներին՝ 26-28 հոգու, Երևանի ռեստորաններից մեկում խաշ է «պատիվ տվել», որի համար վճարել է 290.000 ՀՀ դրամ: Սամսոնյանը նշել էր նաև, որ չէր կարող Միրզոյանը մինչև իշխանության գալն իրեն նման «հաճույքներ» թույլ տալ։
Որպես գրառման արձագանք՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել էր. «Սիրելիներս, տարեդարձիս առիթով երեկ առավոտյան հարազատներիս հրավիրել էի խաշի։ Հավաքույթի ավարտին վճարեցի 290 հազար դրամի կարգի գումար»: Միրզոյանը նշել էր, որ պատրաստվում է վիրավորանքի և զրպարտության համար դատական հայց ներկայացնել Սամսոնյանի դեմ: