
ԱՊԼ-ի խաղացողները շաբաթական երկու անգամ COVID-19-ի թեստ կհանձնեն

Մարզումներին վերադառնալու պահից Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացողները շաբաթական երկու անգամ կորոնավիրուսի թեստ կհանձնեն:
Բոլոր 20 թիմերի բժշկական անձնակազմերը շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, տեսահանդիպում են ունեցել: Նրանք որոշել են, որ բոլոր խաղացողները և ակումբի ամենակարևոր անձնակազմը պետք է շաբաթը երկու անգամ COVID-19-ի թեստ հանձնի: Ուրբաթ՝ մայիսի 1-ին, տեղի կունենա Պրեմիեր լիգայի ղեկավարության վիրտուալ հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն առաջարկվող միջոցառումները:
Թեստի մեկ հավաքածուն արժե մոտ 172 եվրո, յուրաքանչյուր թիմ շաբաթական երկու անգամ կօգտագործի 50 թեստ: Ստուգումների համար ծախսված ընդհանուր գումարը կարող է կազմել գրեթե 4.6 միլիոն եվրո: Ըստ Daily Mail-ի, Մեծ Բրիտանիայի առողջապահության որոշ պաշտոնյաներ վրդովված են նման միջոցառումներից. նրանք կարծում են, որ համաճարակի դեպքում թեստերը կարող են անհրաժեշտ լինել սովորական հիվանդանոցներում աշխատող բուժաշխատողների համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը