Ինչո՞ւ է Փաշինյանն առաջնորդվում հակադրությունների քաղաքականությամբ

Օրերս Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած առցանց կլոր սեղանի ընթացքում Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում կողմերը բանակցային սեղանին ներկայումս քննարկում են 2019 թվականի ապրիլի 15-ին առաջարկված կարգավորման պրոյեկտը, որը, նրա խոսքով, ենթադրում է փուլային կարգավորումը:

Լավրովի հայտարարությանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն նշեց, որ Հայաստանի համար ընդունելի չեն նման կարգավորում ենթադրող առաջարկները, և Հայաստանը 2018 թվականից հետո փուլային կարգավորման շուրջ բանակցություն չի վարել։ Ստացվում է՝ տվյալ իրավիճակում գործ ունենք երկու իրարամերժ հայտարարությունների հետ․ այս փաստը հայաստանյան մեդիատիրույթում բուռն քննարկումների առիթ հանդիսացավ։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ պետք է արձանագրենք մի քանի առանցքային դետալներ, որոնք առիթ են հանդիսացել ռուսական կողմի նման կտրուկ ու ակնհայտ հակահայկական դիրքորոշմանն ու հնչեցվող ձևակերպումներին։

Վերջին երկու տարիների ընթացքում, երբ Հայաստանում իշխանության ղեկը ստանձնեց բոլոր ժամանակներում ակնհայտ հակառուսական գործչի համբավ ունեցող Նիկոլ Փաշինյանը, հանրության մտածող հատվածի մոտ ամենօրյա ռեժիմով կային այնպիսի մտավախություններ, որ ՌԴ ղեկավարությունը միանշանակ չի մոռացել Փաշինյանի ու նրա ակնհայտ հակառուսական դիրքորոշում ունեցող կառավարության նախկինում, ինչո՞ւ ոչ, նաև ներկայումս արվող հայտարարությունները։

Փաշինյանին հավանաբար թվում էր, որ ռուսները կմոռանային ԵԱՏՄ-ի վերաբերյալ նրա նախկին հայտարարությունները, կամ, թե ինչքան «անիմաստ կառույց է ՀԱՊԿ-ն», ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին ներկայումս իշխանության մաս կազմող գործիչների հնչեցրած պնդումները և նմանօրինակ շատ այլ փաստեր, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող գործողությունները։

Տարբեր առիթներով ռուս վերլուծաբաններն ու փորձագետներն ուղիղ տեքստով հայտարարել են, որ Քոչարյանի դատավարությունը բացասաբար կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա, և, որ այն Մոսկվայի համար ահռելի նշանակություն ունի։

Այսօր հերթական անգամ ականատես դարձանք Նիկոլ Փաշինյանի «լայվին», երբ ժանրի կանոններին համապատասխան՝ նա պահպանեց բոլոր դրույթները։ Հանրությանը բուն թեմայից շեղելու համար իշխանությանը պետք էր նոր մոտեցում, և Փաշինյանը լծվեց թեմայի ներդրմանը։ Միզանսցենը նույնն էր, թիրախը՝ նույնպես․ «25 տարի շարունակ ժողովրդին խաբել են, անընդհատ թալանել, ու իրենց համար ապահովել լեգիտիմություն»:

Փաստորեն, Փաշինյանն իրենց կատարած քայլերը փորձում է ամեն գնով հակադրել նախկիններին, այդ թվում՝ Ծիծեռնակաբերդ չբարձրանալու փաստը, երբ նա այդ երևույթը մեկնաբանում է՝ որպես տեղի ունեցածի վերաբերյալ իրենց քաղաքական տեսլականի մոտեցման տարբերակ։ Այս պարագայում ևս նա հրապարակ է հանում իր հայտնի «ատկատային քաղաքականության»  մասին միֆը, ըստ որի՝ շատ գործիչներ փորձել են ազգային միջոցառումների շրջանակում սեփական անձնական շահն օգտագործել։ Փաստորեն, մենք այսօր ունենք մի կառավարություն, որն ազգային իր ընկալումները դրսևորում է նմանօրինակ քայլերով։

Հարց է առաջանում, ինչո՞ւ է Փաշինյանն ամեն առիթի դեպքում փորձում առաջնորդվել հակադրությունների քաղաքականությամբ՝ իր կատարած յուրաքանչյուր գործողությունն համեմատելով նախկինների քայլերի հետ, ամեն ինչում փնտրելով հակադրության հետքեր։ Պատասխանը շատ պարզ է. դա պայմանավորված է նրանով, որ նա չունի սեփական քաղաքական կուրսն ու հստակ որդեգրած գաղափարախոսությունը. այլ կերպ ասած՝ սա «իզմեր» չսիրելու արգասիքն է։

Սա վկայում էր նրա  մասին, որ Փաշինյանն իր սեփական «ես»-ը վեր է դասում ազգային ոգեկոչումից, քանի որ դրա մեջ անգամ սեփական քաղաքական ամբիցիաներին հաճելի նրբերանգներ էր փնտրում։ Նիկոլի խոսքից հերթական անգամ բախվում ենք այն դառն իրականությանը, որ, փաստորեն, նախկինում Ցեղասպանության հետ կապված ոչինչ չի արվել, և միայն իր իշխանության օրոք արված քայլերն են ճշմարիտն ու բացարձակ արդարացվածը։ Այստեղ գործ ունենք Փաշինյանի սիրելի «սևերի ու սպիտակների» տրոհման և հերթական պոպուլիզմի հետ։

Ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ ողջ կառավարման համակարգը ձախողած Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը հերթական տեսարան մատուցելն անխուսափելի է, և ժամ առաջ ձեռնամուխ է լինում իր համար արդեն բարի ավանդույթ դարձած քննադատության «պերեդոզ»-ին։  Պարզ է մի բան․ Փաշինյանի օրոք բանակցային գործընթացի հաջող զարգացման հնարավորություն չկա և չի լինի, ինչ վերաբերում է նախարարական բանակցություններին, ապա դրանք, փաստացի, ոչինչ չեն որոշում։ Այս ամենը համադրելով՝ կարող ենք արձանագրել հետևյալը․ ստեղծված իրավիճակում պատերազմի շարունակության հնարավորությունն ավելի է մեծանում։

Ինչ ունենք իրականում․ Փաշինյանն առանց որևէ հիմքի՝ փորձում է հերթական անգամ իմիտացիա ապահովել, խոսում է Ապրիլի 24-ի միջոցառումների մասին՝ առանց հաշվի առնելու այդ ուղերձի արդյունքները։

Հարց է առաջանում՝ ի՞նչ առաջնահերթություն ուներ՝ այդ օրվա միջացառումների մասին առանձին բարձրաձայնել և փաստել՝ որպես ձեռքբերում, երբ ՀՀ-ի առաջ կանգնած են նման աշխարհաքաղաքական, ինչո՞ւ ոչ, նաև ներքին լուրջ մարտահրավերներ։ Ակնհայտ է, որ գործ ունենք Փաշինյանի հերթական պրիմիտիվ գործիքակազմի հետ։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս