Բաժիններ՝

Նարեկ Դուրյանը ներկայացնում է իր էրզրումցի տատի Ցեղասպանությունից փրկվելու պատմությունը

Դերասան, ռեժիսոր «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին պատմում է իր էրզրումցի տատի պատմությունը, կնոջ, որը թուրքերի աջակցությամբ կարողացել է փրկվել արյունահեղությունից:

Դուրյանը հետաքրքիր պատմությունը ներկայացնում է տեսանյութի միջոցով՝ նշելով, որ իր ներկայացումներում էլ է անդրադարձել այս պատմությանը, բայց կան պատմություններ, որոնք պետք է շատ հաճախ պատմել, պատմել և չմոռանալ, որովհետև հիշում ենք և պահանջում:

«Այս պատմությունն ինձ քեռիս է պատմել, իսկ նրան՝ պապս մահանալուց առաջ: Էրզրումցի տատիկս մի երիտասարդի է սիրել, իսկ նա խենթի պես տատիկիս է սիրել: Նրանք նշանվում են, ամուսնանում: Մի պայծառ առավոտ տատիկիս ամուսինն ինչպես միշտ գնում է դաշտ՝ աշխատելու, և այդ պահին սկսվում են ջարդերը: Տատիս թուրք հարևանուհիները նրան փախցնում են, փրկում և հորդորում չսպասել ամուսնուն ու փախչել, քանի որ ամուսինն այլևս չի վերադառնա: Աստված գիտի, թե ինչպես տատիկս գալիս և հասնում է Թիֆլիս»,-ասում է Դուրյանը:

Շարունակելով պատմել՝ արտիստը նշում է, որ Թիֆլիսում տատը ծանոթանում է Դուրյանի ղարսեցի պապի հետ, որը կորցրել էր ութ եղբայրներին: «Երկու միայնակ մարդիկ համակրում են միմյանց և որոշում նոր կյանք սկսել: Ամուսնանում են: Ծնվում է մայրս, հետո՝ քեռիս, և վերքերը կամաց-կամաց սկսում են բուժվել: Տարիներ անց պապիս է մոտենում մի արտասահմանցի ու հայտարարում, որ տատիկիս առաջին ամուսինն է, որը կարողացել է փախչել թուրքերից և այսքան տարի աշխարհով մեկ փնտրում է այն միակ կնոջը, որին սիրում է: Նա պապիս հարցնում է՝ երջանի՞կ են, արդյոք: Իմանում է, որ երկու երեխա ունեն, և որոշում է հեռանալ: Նա պապիս հանձնարարում է տատիկին լավ նայել ու գնում է»,-ներկայացնում է Դուրյանը:

Դերասանի պապը երկար մտածում է ասե՞լ կնոջը, որ նրա առաջին ամուսինը ողջ է, թե՞ ոչ: Չիմանալով ինչպես վարվել՝ լռում է: Նարեկ Դուրյանի տատը մահանում է՝ չմանալով, որ իր առաջին ամուսինը ողջ է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս