Ապօրինություններ ոստիկանության Գուգարքի և Բազումի բաժիններում․ ոստիկանության ծառայող է ձերբակալվել
ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի և Բազումի բաժինների ծառայողների ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Մասնավորապես, հունվարի 30-ին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչն ու տեսուչը Վանաձոր-Ալավերդի ճանապարհին փայտանյութով բեռնված տրանսպորտային միջոց են կանգնեցրել, որի վարորդը փայտանյութի ձեռք բերման օրինականությունը չստուգելու, մեքենան բաժնի հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու և սահմանված կարգով նյութեր չնախապատրաստելու համար ոստիկանության ծառայողներին առաջարկել և որպես կաշառք տվել է 30 հազար դրամ։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նախորդ տարվա նոյեմբերի 29-ին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, իր մտերմիներից մեկի միջնորդությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել և նախապատրաստվող նյութերում ապօրինի հատված ծառատեսակների, դրանց քանակի և ծավալի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել, ինչի հետևանքով քաղաքացին խուսափել է հնարավոր քրեական պատասխանատվությունից և ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Այնուհետև նույն քաղաքացին նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին համայնքային ոստիկանության տեսուչին որպես կաշառք տվել է 20 հազար դրամ։
Պարզվել է նաև, որ նախորդ տարվա հոկտեմբերին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, նույն բաժնի պետի ծառայության գծով տեղակալի դրդմամբ, առանց փաստաթղթերի փայտանյութ տեղափոխելու վերաբերյալ նախապատրաստված նյութերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել՝ ապօրինի հատված ծառատեսակների ծավալի և հատման վայրերի վերաբերյալ, ինչի հետևանքով խախտվել են պետության օրինական շահերը և անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու պրոֆիլակտիկայի ավագ տեսուչը թաքցրել են նախորդ տարվա հոկտեմբերի 14-ին ապօրինի հատված փայտանյութ տեղափոխող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի մասնակցությամբ ավտովթարի դեպքը և դրա վերաբերյալ կազմելով ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր՝ ավտովթարը ձևակերպել են որպես դժբախտ պատահար, ինչի հետևանքով չի արձանագրվել ապօրինի ծառահատման դեպքը, խախտվել են պետության օրինական շահերը, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Պարզվել է նաև, որ նախորդ տարվա նոյեմբերի 7-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պարեկային ոստիկանները Վանաձորում կանգնեցրել են ապօրինի հատված ծառերով բեռնված մեքենա, որը բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու, փայտանյութի ձեռք բերման օրինականությունը ստուգելու և սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու փոխարեն, Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի միջնորդությամբ, դեպքը չեն փաստաթղթավորել։ Ապօրինության հետևանքով խախտվել են պետության օրինական շահերը, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործեր են հարուցվել, Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործերը ոստիկանությունից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։
Ինքնամաքրման գործընթացը և արատավոր երևույթների դեմ հետևողական պայքարը ոստիկանության համակարգում շարունակական է լինելու։