
Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ԿԽՄԿ-ն հերթական աջակցությունն է տրամադրել

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման, ինչպես նաև դրա կանխարգելման նպատակով Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր` ապրիլի 23-ին, Ստեփանակերտի տուն-ինտերնատի, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններին, ինչպես նաև տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնին երեք ամսվա համար աջակցություն է տրամադրել՝ հիգիենայի պարագաների, ախտահանիչ նյութերի, անձնական պաշտպանիչ միջոցների ձևով:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը՝ նշելով, որ նմանատիպ աջակցություն տրամադրվել է նաև «Հանգանակ» բարեգործական կազմակերպությանը:
Է. Մուսայելյանը մասնավորապես ասել է, որ, «COVID-19» վարակի բռնկմամբ պայմանավորված՝ ԿԽՄԿ-ը աշխատանքներն հիմնականում ուղղված են վարակի տարածման կանխարգելմանը կամ նվազեցմանը:
«Կառույցի աշխատակիցները մշտական երկխոսության մեջ է գտնվում սոցիալական ապահովություն իրականացնող իրավասու մարմինների հետ՝ շտկելով համավարակի տեսանկյունից բնակչության՝ խոցելի համարվող խմբերին ուղղված օժանդակության ձևերը։ Հենց այդ երկխոսության արդյունքում էլ ձևավորվել է այսօրվա աջակցության գաղափարը»,-նշել է Է. Մուսայելյանը: