Բաժիններ՝

ՊԵԿ-ն էլ է ցանկանում իմանալ քաղաքացիների բանկային գաղտնիքները. նոր նախագիծ է դրվել քննարկման. News.am

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները առանց դատարանի որոշման պետք է տրամադրի Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին՝ հարկային հսկողության շրջանակներում օգտագործելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

Աղբյուրը նշում է, որ «Բանկային գաղտնիքի մասին» գործող օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, տրամադրում է ՀՀ հարկային մարմիններին միայն դատարանի` ՀՀ քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա, ինչպես նաև իր հաճախորդի բանկային հաշվի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կամ դատավճռի հիման վրա:

Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ բանկը պարտավոր է մերժել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը, եթե պահանջը չի համապատասխանում նույն օրենքի դրույթներին:

Նախատեսվող փոփոխության համաձայն՝ հարկային մարմնի կողմից հարկային հսկողության իրականացման հետ կապված հարաբերությունների շրջանակներում բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում է ՀՀ հարկային մարմիններին՝ հարկային մարմնի ղեկավարի օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշման հիման վրա՝ բացառապես հարկային մարմնի իրավասության շրջանակներում իրականացվող հարկային հսկողության նպատակներին համապատասխան որպես տեղեկություն օգտագործելու նպատակով:

Նախագծով նաև ամրագրված է, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնին ներկայացվում են ՀՀ բանկի և հարկային մարմնի համատեղ սահմանած կարգով:

Ըստ նախագծի հիմնավորման՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ՀՀ հարկային մարմիններին կարող են տրամադրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային մարմինը նույնպես հանդիսանում է գաղտնիք տնօրինող պետական մարմին, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը պահպանում է ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդպիսի տեղեկությունները հարկային մարմինը օգտագործում է հարկային հսկողության սահմաններում և շրջանակներում, ինչպես նաև իր առջեւ դրված խնդիրներին ու նպատակներին համապատասխան:

Նշենք, որ նմանօրինակ մի նախագիծ էլ ԱԺ–ն ընդունեց այս տարվա հունվարին։ Խոսքը «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մասին է, որով նախատեսվում է հարուցված քրեական գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը վերացնել, և առանձին դեպքերում ստեղծել հնարավորություն՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս