COVID-19. Վարակի ամենաշատ նոր դեպքերը գրանցվում են ՌԴ-ում, Իսպանիայում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 578 հազար 275-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 179 հազարը: Ապաքինվել է 704 հազար 921 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 819 հազար 175 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 45 հազար 343 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 208 հազար 389 է: Այստեղ մեկ օրում 4 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը 21 հազար 717 է:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 183 հազար 957 է: Վարակից մահացել է 24 հազար 648 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 158 հազար 050 հաստատված դեպք, մահացել է 20 հազար 796 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 148 հազար 746 հաստատված դեպք կա, մահացել է 5 հազար 102 մարդ:
Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 129 հազար 044 հաստատված դեպք: Մահերը 17 հազար 337-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 95 հազար 591-ի, մահացածներինը՝ 2 հազար 259-ի: Չինաստանին շրջանցել է Իրանը: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 85 հազար 996: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 ազար 391 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 788 ընդհանուր, 30՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Չինաստանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 57 հազար 999 է: Մեկ օրում 5 հազար 236 նոր դեպք է գրանցվել: Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 513-ի: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 43 հազար 592 է, Բելգիայում 41 հազար 889 է, Կանադայում՝ 38 հազար 422, Նիդերլանդներում՝ 34 հազար 842 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 411 դեպք կա, մահացել է 5 մարդ:
Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 7 հազար 755 է, մահացածներինը՝ 46: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 7 հազար 141, վարակի հետևանքով մահացել է 10-ը: Եգիպտոսում 3 հազար 490 հաստատված դեպք կա, մահացել է 264 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 2248-ի, մահացածներինը՝ 13-ի: Իրաքում գրանցվել է 1 602 վարակվածության, 83 մահվան դեպքով: Լիբանանում կա 682 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 22: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 42-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
Գերմանիայում առաջին անգամ թույլատրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկում
Գերմանիայում տրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի հնարավոր պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին թույլտվությունը: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտը: Դեղամիջոցը ստեղծել է «BioNTech» ընկերությունը: Կլինիկական փորձարկումների նպատակն է պարզել իմունային ռեակցիա առաջացնելու հնարավորությունը: Առաջին փուլին մասնակցում են 18-55 տարեկան 200 առողջ փորձարկվողներ: Երկրորդ փուլում կլինեն նույն տարիքի, սակայն բարձր ռիսկի խմբի մարդիկ: Նշվում է, որ դեղամիջոցի փորձարկումը կդառնա կարևոր շրջան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ճանապարհին: Առաջիկա ամիսներին Գերմանիայում կսկսեն փորձարկել նաև այլ դեղամիջոցներ:
Ուկրաինայում կարանտինի ժամկետը երկարաձգվել է
Ուկրաինայի կառավարությունը հավանության է արժանացրել մի նախագիծ, ըստ որի մինչև 2020 թվականի մայիսի 11-ը երկարաձգվում է կարանատինի ժամկետը, սակայն որոշ մեղմացումներով: «Ուկրինֆորմ»-ը տեղեկացնում է, որ որոշումը կայացվել է ապրիլի 22-ին կայացած կառավարության նիստում:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Ուկրաինայում մարտի 12-ին մտցվել է կարանտինային ռեժիմ: Փակվել են կրթական հաստատությունները, առևտրի կետերը: Գործում են մթերային խանութները, դեղատները, բենզալցակայանները, բանկերը: Դադարեցվել է մետրոյի աշխատանքը Կիևում, Խարկովում և Դնեպրում: Արգելվում են միջքաղաքային, միջմարզային ավտոմոբիլային, երկաթուղային հաղորդակցությունները:
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվծաների թիվը կազմում է 6 հազար 592 մարդ, մահացածներինը՝ 174:
Մեծ Բրիտանիայում սկսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումը
Միացյալ Թագավորությունում ապրիլի 23-ին սկսվում է պատվաստանյութի փորձարկումը: Ենթադրվում է, որ այն կարող է պաշտպանել կորոնավիրուսից: «Euronews»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենքոքը: «Օքսֆորդից մի խումբ գիտնականների ես կփոխանցեմ 20 միլիոն ֆունտ ստերլինգ, կամավորներին և փորձարկումներին մասնակցողներին կարվեն պատվաստումներ, որոնք մշակվել են հենց այդ ինստիտուտում: Մեկնարկը կտրվի հինգշաբթի»,-ասել է նախարարը: Կառավարությունը մտադիր է, ընդհանուր առմամբ, այդ մասնագետներին հատկացնել 43 մլիոն ֆունտ ստերլինգ: «Սա դեռ փրկության հույս չէ: Մենք դեռ չգիտեք, թե արդյոք պատվաստանյութը կլինի արդյունավետ այդ ինֆեկցիայի դեմ պայքարում: Մենք պետք է երկու գլխավոր հարցի պատասխան ստանանք՝ որքանո՞վ է այն անվտանգ և պատվաստանյութի ներարկումն ի՞նչ կողմնակի էֆեկտներով կարող է ուղեկցվել»,-նշել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Փոլարդը:
Նշվում է, որ վարակի տարածման դեմ պայքարի կարևոր քայլերից է առավելագույն լայն շրջանակի թեստավորումը: Հաջորդը վարակի պաշտպանության համար նախատեսված միջոցների կիրառումն է, մասնավորապես՝ դիմակներ կրելը:
Բելառուսում ժամանակավորապես դադարեցվել է արհեստական շնչառական ապարատների արտահանումը
Բելառուսի կառավարությունը ժամանակավորապես արգելում է երկրից դուրս բերել արհեստական շնչառական սարքավորումներ: «Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ այս մասին նախարարների խորհրդի կայացրած համապատասխան որոշումը հրապարակվել է ապրիլի 22-ին: Մարտ ամսին Բելառուսում արգելվում էր արտահանել բժշկական որոշ պարագաներ, այժմ արգելք է մտցվում արհեստական շնչառական ապարատների առնչությամբ: Սահմանափակումները վերաբերում են բոլոր շնչառական սարքավորումներին՝ անկախ նրանից, թե որ երկրի արտադրության են:
Ավելի վաղ Բելառուսի իշխանությունները սահմանել էին արգելք մինչև հունիսի 1-ը պաշտպանիչ հագուստի, դիմակների, ակնոցների և հարակից այլ պարագաների արտահանման վերաբերյալ:
Ֆրանսիայում կրթական հաստատություններում ուսումնական պրոցեսը կվերսկսվի փուլային տարբերակով
Ֆրանսիայում դպրոցներ ու մանկապարտեզներ երեխաների վերադարձը կսկսվի մայիսի 11-ից: Գործընթացը կկազմակերպվի փուլային տարբերակով: «Euronews»-ը տեղեկացնում է, որ սկզբում կբացվեն մանկապարտեզները, նախապատրաստական ու տարրական դասարանները: Մայիսի 18-ին դասընթացները կվերսկվեն քոլեջներում, դպրոցներում: Մայիսի 25-ից սովորական ուսումնական պրոցես կլինի բոլորի համար: Ուսումնական պորցեսին վերադառնալու գործընթացի մանրամասները ներկայացրել է Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկեն: Նրա խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է աշակերտներին միավորել փոքր խմբերում: «Մենք պետք է հստակություն մտցնենք անվտանգության միջոցառումների հարցում: Սովորող խմբերը պետք է լինեն ոչ մեծ: Թիվը կարող է տատանվել տարրական ու բարձր դասարնների դեպքում, բայց կարող են լինել 15 հոգուց բաղկացած խմբեր»,-մանրամասնել է նախարարը: Նորվեգիայում մանկապարտեզները բացվել են ապրիլի 20-ից, սակայն շատ ծնողներ որոշել են, որ ներկայում ճիշտ կլինի երխաների տանը մնալը՝ չնայած կառվարության այն հայտարարությանը, որ համաճարակը հնարավոր եղավ վերահսկողության տակ պահել: Ապրիլի 27-ին պարապմունքները կվեսրսկսվեն տարրական դասարաններում: Դանիայում կարանտինի սահմանափակումների մեղմացման առաջին փուլը սկսվեց ապրիլի 15-ին: Մանկապարտեզներն ու տարրական դասարանների դպրոցները բացվել են, մնացած կրթական հաստատությունները փակ են մինչև մայիսի 10-ը:
Լիբանանի փախստականների ճամբարում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել
Լիբանանի արևելյան հատվածում գտնվող պաղեստինցի փախստականների համար նախատեսված ճամբարում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ախտանշաններով անձը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ համապատասխան թեստավորումից հետո հաստատվել է վարակվածությունը: Տեղի իշխանությունները նշել են, որ անում են ամեն հնարավորը ճամբարում վարակի տարածումը կանխելու համար: Ճամբարում բնակվում են Սիրիայից եկած 55-60 հազար պաղեստինցի փախստականներ: Լիբանանում կորոնավիրուսով վարակվել է 677 մարդ, վարակի հետևանքով 21-ը մահացել է: