«Հնարավոր է՝ իշխանությունները մեսիջ են ուղարկում Երրորդ նախագահին». Քաղտեխնոլոգը՝ Միքայել Մինասյանի դեմ հարուցված գործի մասին

168.am-ի հետ զրույցում փաստաբան Միհրան Պողոսյանն արդեն հաստատել է, որ  Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ քրեական գործ է հարուցվել և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:

Ի դեպ, այս մասին երեկվանից մամուլում և համացանցում արդեն լուրեր շրջանառվում էին:

168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չժխտեց, որ Միքայել Մինասյանի դեմ քրեական գործ հարուցելու ու նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելու գործընթացում կան շոուի տարրեր՝ ցույց տալու համար, որ նախկին իշխանությունների, մասնավորապես՝ Երրորդ նախագահի փեսայի հանդեպ կային դժգոհություններ, ուստի նրա ձերբակալումը որոշ ընտրազանգվածի մոտ կարող է հաճույքով ընկալվել:

«Ենթադրում եմ, որ այստեղ այլ բան կա, ավելի ճիշտ՝ այս ամենը Վարչապետ-Երրորդ նախագահ փոխհարաբերությունների կոնտեքստում է, քանի որ երկուսի միջև էլ որոշակի գործընթաց է տեղի ունենում: Փաստորեն, Սերժ Սարգսյանը գնաց և ԱԺ Ապրիլյան քննիչ հանձնաժողովում խոսեց, որից հետո հայտարարեց, որ կհանդիպի լրագրողների հետ և կխոսի ապրիլյան պատերազմի  մանրամասների մասին: Չմոռանանք, որ հնարավոր է՝ իշխանությունները մեսիջ են ուղարկում Երրորդ նախագահին, որ մտածի, թե ապրիլյան դեպքերի մասին ինչեր է ասելու, հակառակ պարագայում՝ հնարավոր է՝ կալանավորման գործընթացներ սկսվեն»,- ասաց քաղտեխնոլոգը:

Նա նաև ընդգծեց, որ այս ամբողջ գործընթացում մեկ կարևոր հանգամանք ևս կա, այն է, որ Միքայել Մինասյանն այս պահին Հայաստանում չէ, և, բնականաբար, որքան էլ նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնեն, դրանով ոչնչի չեն հասնի: Նման կերպ կարող են նաև Երրորդ նախագահի եղբոր նկատմամբ կալանավորման միջնորդություն ներկայացնել, որը կրկին Հայաստանում չէ: Մինչդեռ Սերժ Սարգսյանի եղբոր որդիների նկատմամբ կալանք էր կիրառվել,  որոնցից մեկն ազատ է արձակվել, իսկ մյուսի մասին չեն խոսում:

«Այսինքն՝ թվում է, թե լուրջ բան կա այստեղ, բայց նկատենք, որ Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը, որը Հայաստանում է, և որի մասին վարչապետի թերթը տարիներ շարունակ գրել էր, թե բոլոր բիզնեսներից «փայ» ունի, որևէ գործողություն չի իրականացնում, իսկ նրա այն բարեկամների նկատմամբ, որոնք Հայաստանում չեն,  քրեական գործեր են հարուցում: Այսինքն՝ այստեղ Երրորդ նախագահ-Վարչապետ մեսիջային պայքար է»,- ընդգծեց նա:

Քաղտեխնոլոգը նաև նկատեց՝ կա սխալ տեսակետ, որ նման գործողություններով իշխանությունը գրավում է հանրության ուշադրությունը: «Լո՞ւրջ, ինչ-որ մեկին թվում է, թե, օրինակ, Մեղրիի բնակիչ Պետրոս Պետրոսյանն առավոտից երեկո նայում է, թե վարչապետն ո՞ւմ է կալանավորում, հատկապես՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում, երբ հազարավոր մարդիկ, տանը նստած, չեն աշխատում ու չեն կարողանում գոյատևել, արդեն շատ դեպքերում ուղղակի հացի գումար էլ չունեն:  Ի դեպ, նման շոուներն ուշադրություն էին գրավում  2018  թվականի մայիս-օգոստոս ամիսներին, հիմա դրան որևէ մեկն ուշադրություն չի դարձնում, բացի վարչապետին ֆանատիկորեն հավատացող ինչ-որ ընտրազանգվածից:

Ստացվում է, որ մարդուն կալանավորելու հայտ ներկայացնելուց հետո լրացուցիչ ընտրող ձեռք չի բերելու, կորցնելը՝ կարող է կորցնել, քանի որ մարդիկ կարող են ասել, որ, կալանավորումներից բացի, այլ բան չի անում: Հիմա այդ հեղափոխական էյֆորիան գոյություն չունի այլևս»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս