Փաշինյանը Միքայել Մինասյանի վերաբերյալ ցնցող բացահայտումներ էր խոստանում, բայց երկու տարվա ստուգումներից հետո մեղադրանք են առաջադրել տեխնիկական վրիպակի համար. Արման Սաղաթելյան
Քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու տարի իր գրեթե բոլոր մամուլի ասուլիներում ցնցող բացահայտումներ էր խոստանում Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ՝ «ստրատեգիական կառույցի սեփականաշնորհումից» մինչև «դիզած միլիարդներ», հիմա պարզվում է՝ նրան մեղադրանք են առաջադրել հայտարարագրում եղավ տեխնիկական վրիպակի համար:
Երկու տարի բոլոր հնարավոր ու անհնար ստուգումներից հետո, ծիծաղ հարուցող նման մեղադրանքի առաջադրումը հերթական անգամ ի ցույց է դնում այս իշխանության և դրա ղեկավարի սնանկությունը:
Այսքանից հետո ո՞նց չկարեկցես Նիկոլ Փաշինյանին ու նրա հրահանգների ձեռքը կրակն ընկած դատական համակարգին:
Կամ ո՞նց չշնորհավորես նախկին դեսպանին, որը մի ամբողջ իրավական համակարգի երկու տարվա ստուգումների արդյունքում այնքան անխոցելի է եղել, որ կառչել են հայտարարագրի վրիպակից: Սա, իսկապես, հպարտանալու առիթ է:
Ակնհայտ է, որ Նիկոլի իշխանությանը հաշված ամիսներ են մնացել, հետո գալու է պատասխաններ պահանջելու ու ստանալու ժանանակը»:
Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքի մասին գրառում է կատարել նաև նրա պաշտպաններից Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ նրա նկատմամբ իրականացվող «քրեական հետապնդումը» ծիծաղելի է:
«Ավելի քան մեկ ամիս առաջ միջնորդություն եմ ներկայացրել այն Ընկերության աշխատակցին հարցաքննելու վերաբերյալ, ով Միքայել Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված հայտարարագիրը կազմելու և լրացնելու համար։
Միջնորդությունը մինչ այժմ թողնվել է առանց քննության։ Ակնհայտ միակողմանի քննությունը և իրականացվող «քրեական հետապնդումը» այդքան զավեշտալի չէր լինի, եթե կալանքը կիրառելու միջնորդության մեջ որպես կիրառման հիմք չվկայակոչվեր նշված Ընկերության աշխատակցի վրա «ապօրինի ներգործելու հնարավորության կանխումը»։
Հ.Գ. Համոզված եմ Հ1-ի կողմից մոտակա օրերին հեռարձակվող «գեղարվեստական կինոնկարում» նշված հանգամանքը շատ պատահակորեն կանտեսվի»,-գրել է պաշտպանը։