Բաժիններ՝

Հեռավար դասընթացներին մասնակցելու համար մարզերի դեռ ոչ բոլոր երեխաներին են սարքեր հասանելի. ԿԳՄՍ նախարար

«Բոլոր այն աշակերտների դեպքում, ովքեր ունեն սարքավորումների և կապի խնդիր, մենք հորդորում ենք ուսուցիչներին և կոչ ենք անում, որ անհատական մոտեցում ցուցաբերեն, և հընթացս նաև սարքավորումների հարցերն ենք լուծում»,- ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե այս պահին աշակերտների քանի՞ տոկոսն է մասնակցում հեռավար դասընթացներին, և արդյո՞ք հնարավոր եղել է ամբողջությամբ լուծել մարզերի երեխաների՝ հեռավար դասընթացներին մասնակցելու խնդիրը:

Անդրադառնալով աշակերտների՝ հեռավար դասերի մասնակցության թվին՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ խոսքը նույն թվերի մասին է, որոնք նախկինում ներկայացրել են:

Տեղեկացնենք, որ, վերջին տվյալների համաձայն, որոնք սույն թվականի ապրիլի 7-ին հայտնել էր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ուսուցիչների և աշակերտների՝ հեռավար ուսուցման գործընթացում առավել մեծ ներգրավվածություն ապահովելու համար անհրաժեշտ է մոտ 24.000 սարք, իսկ հեռավար կրթության գործընթացին մասնակցում է աշակերտների ավելի քան 80%-ը:

Իսկ նախարարն այսօրվա ասուլիսում փոխանցեց նաև, որ անհրաժեշտ սարքավորումները մարզերի ոչ բոլոր երեխաներին են հասանելի, բայց ուսուցիչների միջոցով ձգտում են ամեն ինչ անել, որ երեխաները դպրոցական ծրագրից հետ չմնան:

«Մենք այս ընթացքում սարքեր ենք հավաքագրել մեր տարբեր քաղաքացիներից, կազմակերպություններից: Շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ: Հնարավորության սահմաններում կհագեցնենք դաշտը:

Բայց նաև պետք է հաշվի առնենք, որ սարքերի հետ կապված մեծ դժվարություններ կան նաև ամբողջ աշխարհում, և քանի որ ամբողջ աշխարհը, ըստ էության, անցել է հեռավար կառավարման, հեռավար ուսուցման, հեռավար աշխատանքի, ապա նման սարքերի նկատմամբ պահանջարկը մեծ է, և արտադրության ծավալներն էլ դեռևս նախկինն են, և շուկաները չեն կարողացել ադապտացվել էդ փոփոխություններին: Հընթացս մենք այդ լուծումները կտանք»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս