
«Հիշում ենք և պահանջում» կարգախոսը չի փոխվի առնվազն այս պահին՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը. Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց, որ այս տարի Հայոց ցեղասպանության տարելիցի կարգախոսը՝ «Հիշում ենք և պահանջում», չի փոխվի:
«Մենք մեր աշխատանքային խմբով որոշ ժամանակ ամենօրյա ռեժիմով քննարկումներ ենք կազմակերպում միջոցառման թե՛ կազմակերպչական, և թե՛ բովանդակային հարցերի վերաբերյալ։ Քննարկում է տեղի ունեցել, այդ թվում՝ նաև կարգախոսի հետ կապված։ Այնուամենայնիվ, որոշում է կայացվել, որ կարգախոսը չփոխվի առնվազն այս պահին՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը։ Եվ մենք կարծում ենք, որ նման որոշում կայացնելու համար, այնուամենայնիվ, շատ ավելի խորը, երկար և համապարփակ քննարկումներ պետք է լինեն, որպեսզի որևէ փոփոխություն հիմնավորված լինի և բացատրելի և հասկանալի լինի հանրության համար»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը:
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ավելացրեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը համահայկական հարց է, վերաբերում է յուրաքանչյուր հայի, իսկ «Հիշում ենք և պահանջում» կարգախոսը համահայկական կարգախոս է, ընդունվել է համահայկական հռչակարգի միջոցով, և դրա փոփոխման շուրջ որոշումը ևս պիտի լինի նույն՝ համահայկական ձևաչափի շրջանակներում։