Բաժիններ՝

Վերնիսաժի տարածքում վարձակալական հիմունքներով տրված տարածքների վճարների հարցը քննարկման փուլում է

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել էր քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի Վերնիսաժի և վարձակալությամբ տրված այլ տարածքների մասով տնտեսվարողներին զիջումներ արվեն։

 168.am-ի հետ զրույցում  Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը հայտնեց, որ ստացել է դիմումի պատասխանը, որտեղ նշված է, որ «Տեղական տուրքի և վճարների մասին» օրենքի համաձայն՝ օրացուցային տարվա կամ եռամսյակի համար տեղական տուրքի դրույքաչափը համամասնորեն հաշվառվում է հիշյալ օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրման օրվանից սկսած՝ մինչև օրացուցային տարվա կամ եռամսյակի ավարտը։

«Այսինքն, տնտեսվարող սուբյեկտը տեղական տուրքը վճարում է այն պահից սկսած, որ պահից սկսում է գործունեությունը։ Ինչ վերաբերում է Վերնիսաժի տարածքում վարձակալական հիմունքներով տրված տարածքների վճարներին, ապա հայտնել են, որ խնդիրը քննարկման փուլում է, իսկ ավարտից հետո կլինի մամուլի հաղորդագրություն»,- նշեց Միքայել Մանրիկյանը։

Հիշեցնենք, որ Վերնիսաժի աշխատակիցները 168.am-ի հետ զրույցում ասել էին, որ դեռևս տաղավարների համար նախատեսված գումարը չեն վճարել, ցանկանում են տնօրինության հետ խոսել, որ գոնե ընդառաջի, որովհետև հիմա տուրիզմն էլ է վատ վիճակում։

«Տաղավարի վարձակալության համար ամիսը 32․000 դրամ ենք վճարում, բայց հիմա օդից կախված ենք։ Արտակարգ դրությունից հետո տանելու ենք մեր աշխատանքները ցուցադրենք, բայց ոնց որ իրար ենք ցույց տալու՝ հետ գանք, մարդ չկա, զբոսաշրջիկ չկա։ Արդյունքում՝ անիմաստ գումարներ ենք վճարելու տեղի համար։ Գումար էլ չկա, տարվա մեջ 4 ամիս ենք կարողանում աշխատել, երբ զբոսաշրջիկների թիվը շատանում է»,- ընդգծել էին նրանք՝ հավելելով, որ տնօրինությունն էլ խնդիր ունի՝ իրենք գումար չտան, նրանք էլ չեն կարողանա վճարել հարկերը, հիմա գոնե բոլորին էլ ներեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս