«Երազում եմ տեսնել Հայկի մաշված կոշիկները». 9-ամյա Հայկը քայլելու համար ունի բոլորի աջակցության կարիքը

18 վիրահատությունների ենթարկված  9-ամյա Հայկ Ներսեսյանը բոլորի օգնության կարիքն ունի, Հայկը պետք է վիրահատվի Գերմանիայում, վիրահատության համար պահանջվող 15 հազար ԱՄՆ դոլարից հավաքվել է 7500  դոլարը, իսկ մնացած գումարը հավաքելու համար Հայկի մայրը՝ Պայծառ Ներսեսյանը, ապավինում է բարի մարդկանց կամքին:

Հայկը ծնվել է 5 ամսականում՝ մանկական ուղեղի կաթվածով, բժիշկները չեն հուսադրել, որ երեխան կապրի, սակայն նա ապրել է և սկսել տեղաշարժվել սայլակի օգնությամբ, հաճախում է հանրակրթական դպրոց և սովորում գերազանց: 9 տարիների ընթացքում տարած վիրահատությունների շնորհիվ Հայկի մոտ եղած առողջական խնդիրներից շատերը լուծվել են, հուլիսի 1-ին Գերմանիայում նախատեսված է վիրահատել Հայկի հոդերը:

«Հայկի ոտքերից պետք է հանեն բոլոր մետաղական կոնստրուկցիաները, վիրահատության համար անհրաժեշտ գումարի՝ 15 հազար դոլարի կեսն ունենք:  Գումարը դրամահավաքով ենք հավաքել, բայց  երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո դրամահավաքը դադարեցվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկի մայրը՝ Պայծառ Ներսեսյանը:

Նրա խոսքով՝ աջակցություն ստանալու համար բոլորին դիմել են՝ սկսած Առողջապահության նախարարությունից, բայց համոզվել են, որ ամեն ինչ պետք է իրենց միջոցով անեն, քանի որ նման վիրահատություն Հայաստանում չեն անում, ուստի չեն կարող օգնել:

«Նախկինում մեզ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է շատ օգնել, գումարներ էր փոխանցում Գերմանիայի կլինիկային, որտեղ որդիս վիրահատվում էր, շնորհակալ եմ նրան: Դիմել եմ նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, սակայն պատասխանեցին, որ հիմնադրամն օգնում է միայն օնկո հիվանդներին, ուստի մեզ չեն կարող օգնել: Հիմա որդիս իմ օգնությամբ սկսել է քայլել, մեզ անհրաժեշտ են արդյունավետ պարապմունքներ՝ ֆիզոթերապիաներ, թերապիաներ և վիրահատություն, որպեսզի այդ մետաղական կոնստրուկցիաները ոտքերից հանենք, որից հետո կսկսենք աշխատել մկանային զարգացման վրա: Այսինքն՝ Հայկն այլևս օրթոպեդիկ խնդիր չի ունենա, կունենա միայն մկանային զարգացման կարիք, որպեսզի սկսի միայնակ քայլել»,- հավելեց նա:

Տիկին Պայծառի խոսքով՝ Հայկին օգնել ցանկացողները կարող են միանգամից գումարը փոխանցել կլինիկային, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի:

«Հայկը մեծ հաղթանակի շեմին է, նա ծնված օրվանից պայքարում է ապրելու համար, պայքարում է, որ ապացուցի, կարծրատիպերը հնարավոր է կոտրել, «անհնարին» բառն իր կյանքի դժվարին, դաժան ճանապարհին կիրառելի չէ, մեծ ցանկության, աշխատասիրության ու Աստծո կամքով հնարավոր է դառնում ջնջել ՄՈՒԿ՝ մանկական ուղեղային կաթված, ախտորոշումը: Լինելով միայնակ մայր՝ ինքս չեմ կարող վճարել վիրահատության այդ ահռելի գումարը: Միայն բարի մարդկանց օգնությամբ է հնարավոր եղել կատարել նախորդ 18 վիրահատությունները: Խնդրում եմ, այս անգամ էլ օգնեք, ճանապարհեք Հայկին վիրահատության: Երազում եմ տեսնել Հայկի մաշված կոշիկները»,- եզրափակեց Պայծառ Ներսեսյանը:

Նշենք, որ Հայկի և տիկին Պայծառի այս մեծ երազանքի իրականացմանն օգնելու համար կարող եք զանգահարել Պայծառ Ներսեսյանին` +(374)93586621 հեռախոսահամարով։

Նրա անունով ՎՏԲ բանկում հաշվեհամար է բացվել։

Աջակցել ցանկացողները կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարներին.

16046032978404՝ դրամային

16046032978405՝ դոլարային

16046032978406՝ եվրոյով

16046032978407 ռուսական ռուբլիով

ArCa քարտի համարն է՝ 6769 3071 0003 1522։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930