
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ է լինելու. Էդուարդ Աղաջանյան

Կորոնավիրուսից բխող որոշ սահմանափակումներից ելնելով՝ կառավարությունը վերջին օրերին ինտենսիվորեն քննարկում էր ապրիլի 24-ի միջոցառումների կազմակերպչական հարցերը: Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներին առնչվող կառավարության կայացրած որոշումները։
«Միջոցառումները կսկսվեն ապրիլի 23-ին, երեկոյան 21:00-ին: Կլինեն եկեղեցական զանգերի ղողանջներ, որոնց ներքո պետք է մարեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը: Եվ մենք կոչ ենք անելու մեր քաղաքացիներին՝ մարել նաև իրենց բնակարանների լույսերը և սևեռել իրենց հայացքները դեպի հուշահամալիր կամ դիտել Հանրայինի ուղիղ եթերը և բջջային հեռախոսների լույսերի վառումով պատուհաններից խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ:
Լուսավառ ոգեկոչման րոպեն կունենա իր խորհրդանշական արձագանքը Ծիծեռնակաբերդից Լիանա Ալեքսանյանի և Կամո Սեյրանյանի «Արի, իմ սոխակ» երգի կատարման ներքո»,- ասաց էդուարդ Աղաջյանաը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի փոխանցմամբ՝ ապրիլի 24-ին ժամը 08:00-ից սկսած քաղաքացիները կարող են Հայաստանից հաղորդագրություն ուղարկել 19-15 կարճ համարին, իսկ արտասահմանից՝ 0037433191500 հեռախոսահամարներին՝ իրենց անվամբ հաստատելու հեռակա մասնակցությունն օրվա խորհրդին: Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները, Էդուարդ Աղաջանյանի փոխանցմամբ, կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:
«Ապրիլի 24-ին 10:00-ից մեկնարկում են ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի և Կաթողիկոսի այցերը Ծիծեռնակաբերդ»,- տեղեկացրեց Աղաջանյանը՝ հավելելով, որ այն ուղեկցվելու է հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ, և, որ նույն օրը 22:00-ին կմեկնարկի հարգանքի տուրքը՝ գեղարվեստական ծրագրով:
«Որոշում է կայացվել, որ ապրիլի 24-ին հուշահամալիրի մուտքը փակ է լինելու, և այդ որոշումը նաև պարետատան կողմից համապատասխան ակտով կհաստատվի»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ փաստացի համալիրն այսօրվանից փակ է լինելու՝ տարբեր անվտանգային և կազմակերպչական նկատառումներից ելնելով: