Ի՞նչ ակնկալիքներ կան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսից. պարզաբանում է Դավիթ Բաբայանը
Այսօր՝ ապրիլի 21-ին, Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանս:
Ի՞նչ ակնկալիքներ կան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսից. պարզաբանում է Դավիթ Բաբայանը
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը անդրադարձել է տեսակոնֆերանսից ունեցած ակնկալիքներին, և նշել, որ Նոր կորոնավիրուսի պատճառով առաջին անգամ այն կազմակերպվում է օն-լայն ձևաչափով:
Նրա խոսքով՝ այս հանդիպումը անհրաժեշտ է, և քաղաքական տեսանկյունից որևէ արտառոց խնդիր չկա, որովհետև հակամարտության կարգավորման գործընթացը պետք է լինի շարունակական:
«Նման ձևաչափով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս է անցկացրել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այն, որ որևէ ապակայունացում չի կատարվում, ինքնին դրական տեղաշարժ կարելի է համարել: Հատկապես այս ժամանակահատվածում անհրաժեշտ է, որպեսզի պահպանվի կայունություն և խաղաղություն: Բոլորի ուշադրությունը կորոնավիրուսի համաճարակի տարածման վրա է կենտրոնացված, և այս դրության մեջ տարածաշրջաններում աշխարհաքաղաքական իրավիճակը ապակայունացնելը, բնականաբար, որևէ մեկի շահերից չի բխում: Կարծում եմ, որ նման հանդիպումն առաջին հերթին կայունության պահպանման նպատակ պետք է ունենա: Շատ կարևոր է պահպանել աշխարհաքաղաքական հավասարակշռվածությունը, որը մենք ստեղծել ենք 1994 թվականից»,-մասնավորապես ասել է Դ. Բաբայանը: