ԱՄԷ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7265-ի
Արաբական Միացյալ Էմիրություններում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7265-ի, որից 1360-ն արդեն ապաքինվել են։ Աբու Դաբիի առողջապահական մարմինները ծրագիր են մշակել՝ հայտնաբերելու նրանց, ովքեր գուցե կապ են ունեցել COVID-19-ով վարակակրի հետ։ Ծրագիրը կոչվում է TraceCovid և օգտագործվում է Bluetooth-ի միջոցով։ Օրական 10,000 աշխատակից Աբու Դաբիի արդյունաբերական շրջանում անվճար հետազոտություն է անցնում։
Անգամ համաճարակի ընթացքում Էմիրություները իրականացնում է մարդասիրական առաքելություն, համաձայն որի` 18 տոննա օգնություն է ուղարկել Մավրիտանիա և 7 տոննա բժշկական օգնություն` Հարավային Աֆրիկա։ Մինչ օրս ԱՄԷ-ն 260 տոննա օգնություն է ցուցաբերել աշխարհի 24 երկրների։
Աբու Դաբիի «Իթթիհադ» ավիաընկերությունը մայիսի 1-ից նախատեսում է ուղևորափոխադրումների մասնակի վերսկսում՝ հաշվի առնելով իրավիճակի բարելավվումը։
ԱՄԷ-ն նաև օժանդակել է օտարերկրացիներին իրենց հայրենիք վերադարձնելու հարցում։ Այս շաբաթ հատուկ չվերթներով ԱՄԷ-ից Պակիստան է տեղափոխվել ավելի քան 3000 ուղևոր։ Մինչ օրս ԱՄԷ-ն օժանդակել է 22.900 օտարերկրացիների հայրենադարձմանը 127 չվերթի միջոցով: Բացի այդ աշխատել է 43 երկրների հետ՝ 86 ցամաքային ու օդային տարհանման միջոցով Արաբական Միացյալ Էմիրությունների 2286 քաղաքացիների հայրենիք վերադարձնելու համար:
ԱՄԷ-ն նախաձեռնել է «10 միլիոն սննդի չափաբաժին» արշավը՝ աջակցելով ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին և անհատներին, որոնք վարակվել են COVID-19- ով:
ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, զինված ուժերի գերագույն հրամանատար Ն․ Վ․ շեյխ Մուհամմադ բն Ռաշեդ ալ Մաքթումն ասել է․ «10 միլիոն սննդի չափաբաժին» արշավը նպատակ ունի ամրապնդել ԱՄԷ-ում սոցիալական համերաշխությունն ու համախմբվածությունը, որպեսզի ավելի ուժեղ դուրս գանք համաշխարհային ճգնաժամից: Հասարակական, մասնավոր և հումանիտար ոլորտներն այսօր միավորվել են` հզորացնելու մեր ժողովրդին և հաղթահարելու համաշխարհային ճգնաժամը՝ չանտեսելով ոչ ոքի»։