Բաժիններ՝

Ապրիլի 21-ի դրությամբ ՀՀ վերադառնալու համար ունենք գրանցված 1283 ՀՀ քաղաքացի․ Ավետ Ադոնց

«Մարտի 14-ից ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ է վերադարձել 22 հազար ՀՀ քաղաքացի»,- այս մասին քիչ առաջ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ ներկայացնելով մի շարք տվյալներ այն մասին, թե ՀՀ քանի քաղաքացի է վերադարձել Հայաստան արտակարգ դրության ընթացքում և ՀՀ քանի քաղաքացի է դիմել ՀՀ վերադառնալու նպատակով։

Ավետ Ադոնցն ասաց, որ ապրիլի 21-ի դրությամբ ՀՀ վերադառնալու համար դիմած ՀՀ քաղաքացիների քանակը 1283 է։ Նրա պարզաբանմամբ՝ սա այն քանակն է, որն այսօրվա դրությամբ դեռ գրանցված է մեր դիվանագիտական ներկայացուցչություններում և դեռ չի վերադարձել։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ մինչ այս պահը ՀՀ է վերադարձել մոտավորապես 22 հազար ՀՀ քաղաքացի, խոսքը մարտի 14-ից մինչև ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածի մասին է։ Հարցին, թե ինչպե՞ս է լուծվել այս քաղաքացիների վերադարձն ապահոված չվերթերի ֆինանսական բաղադրիչը, Ավետ Ադոնցը պատասխանեց, որ դժվար է բացահայտել այդ ողջ տեղեկատվությունը, քանի որ եթերը չի բավականացնի։

«Բայց կբացատրեմ դրանց փիլիսոփայությունը։ Եղել են վերադարձի և տարհանման չվերթեր, որոնք պետք է տարբերակել։ Հնդկաստանում վարժարանում ուսանող մեր երեխաներին, ուսանողներին ենք տարհանել, սա տարհանման չվերթ է եղել, սա եղել է մեր համակարգմամբ՝ Պարետատուն, Կառավարություն, ԱԳՆ, բայց Մայր Աթոռի ֆինանսավորմամբ։ Իտալիայից տարհանման չվերթը նույնպես եղել է պարետատան, ԱԳՆ-ի և մեր դեսպանության համակարգմամբ, իսկ ֆինանսավորվել է ՀՀ բյուջեից։

Մոսկվայից չվերթերը, որոնք տեղի են ունեցել և պետք է տեղի ունենան, վերադարձի չվերթեր են, որոնք իրականացվում են կամ կոմերցիոն սկզբունքով՝ մինիմալ գնային քաղաքականության պայմաններում, կամ համայնքի աջակցությամբ։ Մեծ ռեսուրս ենք ծախսում այստեղ վերադարձից հետո առողջապահական անվտանգություն ապահովելու համար՝ կարանտինը նկատի ունեմ, որը պարտադիր է ՀՀ վերադարձող յուրաքանչյուր քաղաքացու դեպքում»,- պարզաբանեց Ավետ Ադոնցը։

Ավետ Ադոնցն ասաց, որ որևէ դիվանագետ ետ չի կանչվել Հայաստան, բայց պետք է նշեմ, որ մեր գործընկերներից մի քանիսը գտնվում են կարանտինի մեջ։

«Դրա պատճառը հետևյալն է, որ նրանց աշխատանքն այս օրակարգի շրջանակներում կապված է նաև անմիջական շփումների հետ, և ես շատ կխնդրեմ և կհորդորեմ մեր հայրենակիցներին, որոնք գտնվում են ՀՀ-ից դուրս, երբ իրենք օդանավակայանում են հավաքված, երբ շփման մեջ են միմյանց հետ, մեր դեսպանության աշխատակիցների հետ, իսկ շփումն անմիջական է, երբեմն՝ առանց սոցիալական հեռավորության պահպանման, եթե դու գիտես, որ ունես ախտանշաններ, եթե քո ընտանիքի անդամն արդեն իսկ հիվանդ է, մի թաքցրեք դա, ասեք դրա մասին, դա միայն ու միայն լավ կլինի ոչ միայն՝ մեր դեսպանության աշխատակիցների համար, այլև՝ մեր հայրենակիցների համար, որոնք Ձեր շուրջն են։

Դրա արդյունքում, մասնավորապես, կարող եմ նշել, որ ՌԴ դեսպանության մեր մի քանի դիվանագետ մեկուսացման մեջ է, դրա պատճառը եղել են այդ անմիջական շփումները, քաղաքացիները վերադարձել են Հայաստան, արդյունքում պարզվել է, որ մեր հայրենակիցներից ոմանք դրական են թեստավորվել, ուստի նրանց հետ շփված քաղաքացիները հայտնվել են կարանտինի մեջ»,- ասաց փոխնախարարը։

Վերջինիս փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ում, դեսպանություններում և հյուպատոսական ծառայություններում հիվանդացության դեպքեր չեն եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս