«Մենք REC ենք». Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները, չնայած որ դեռպաշտոնապես այս տեղեկությունը Հանրային հեռուստաընկերությունից ոչ ոք չի հաստսաում:
Վարդան Հակոբյանի գործընկերները նրա ֆեյսբուքյան էջը հեղեղել են «Մենք rec ենք» գրառումով նկարներով եւ պահանջում են որ վերականգնվի աշխատանքում:
Դերասան և ռեժիսոր` Տիգրան Նալչաջյանը Վարդան Հակոբյանի էջում գրել է. «Արհեստական սկանդալի պատճառով աշխատանքը կորցրին մարդիկ, ովքեր հանրայինը բերել էին նոր մակարդակի։
Անձամբ ես Վարդան Հակոբյանին եմ ճանաչում։ Իր պես նվիրված, կրեատիվ, դրական ու ճիշտ արժեքներ կրող տղային, ով 25 տարեկանում իր սեփական ուժերով (սա էլ որպես 100% ինֆո եմ ասում) դարձել էր Հ1-ի գլխավոր պրոդյուսեր` հաստատ չարժեր որ կորցներ պաշտոնը։ Որովհետև դրանով հանրայինն է առաջին հերթին տուժելու։
Սրանով ցանկանում եմ դիմել վարչապետին, ով ինքն էլ դեմ է կադրային ջարդին։ Մի գուցե որոշումը վերանայվի»։
Նշենք, որ Վարդան Հակոբյանը որեւէ գրառում չի կատարել, միայն նկար է ավելացրել, որտեղ գրված է «Մենք rec ենք»:
Հանրային ՀՌԸ խորհրդի նախագահ Արա Շիրինյանն էլ Lurer. com-ի հետ զրույցում չէր հերքել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի ու Լրատվական և քաղաքական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյանի ազատման դիմումների հետ կապված տեղեկությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի հեռուստաուղերձի նախապատրաստական աշխատանքների կադրերը հայտնվել են համացանցում: Կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը հազում, դեղ և ջուր խմում: