Ի՞նչ են մեզ քարոզում «հեղափոխականները». մաս 1-ին

Քարոզչության` պրոպագանդայի վերաբերյալ բացասական կարծիք է ձևավորվել: Դա գուցե հիմնականում սովետական շրջանի փորձով է պայմանավորված, երբ կար միայն պետական պրոպագանդա, իսկ մնացած տեսակետներն արգելված էին: Սովետական պրոպագանդան վերածվել էր դոգմայի, նաև իր էությամբ հակակրոնական ու հակաազգային էր, ուներ դասակարգային ու աշխարհքաղաքական թշնամիներ: Կրոնական զգացմունքներով, ինչպես նաև ազգայնական իղձերով ապրող մարդկանց համար այն խորթ էր՝ երբեմն առաջացնելով հակակրանք: Մյուս կողմից պետությունը ճնշում էր բազմաթիվ իրավունքներ, մտնում էր անձնական կյանք՝ արգելելով մարդկության արժեքներ հանդիսացող գրականությունը և գիտության տեսակները: Դա տոտալիտար գաղափարախոսության շրջանն էր:

Կա նաև պատմական փորձը` կրոնական դոգմաների քարոզչության ոչ պակաս տոտալիտար փորձը, որը նույնպես բացասական զգացմունքներ է առաջացնում: Սակայն կա նաև այն իրողությունը, որ առանց քարոզչության՝ չի կարող լինել պետություն, սակայն դա քարոզչության այլ տեսակ է, երբեմն անհրաժեշտ, երբեմն նույնպես բացասական դրսևորումներով: Այս առումով կարևոր է հասկանալ, թե ինչ քարոզչություն է մեզ մատուցվել վերջին երեսուն տարիների ընթացքում, ինչ տրանսֆորմացիաների են ենթարկվել դրանք և ինչ են մեզ քարոզում այսօրվա «հեղափոխականները»:

Ի՞նչ է պետական քարոզչությունը

Պետության հիմնական առաքելություններից է պետական քարոզչություն իրականացնելը: Չկա պետական քարոզչություն, չկա նաև պետություն: Քարոզչությունը չի վերաբերվում միայն քաղաքական ոլորտին: Մասնավորապես կրթությունը, մշակույթը, անգամ պատմության բովանդակությունը` դիսկուրսը, նույնպես պետական քարոզչության հիմնական թիրախներն են:

Անգամ 19-րդ դարի սկզբին, երբ սկսվեցին առաջանալ ժամանակակից պետությունները, առաջ եկավ նաև Ազգ հասկացության նոր ընկալումը, որը տարբերվում էր էթնոս հասկացությունից: Օրինակ, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իտալիայի, Գերմանիայի տարբեր հատվածներում բնակվողները դժվարանում էին միմյանց հետ հաղորդակցվել, որովհետև կար միասնական լեզվի խնդիր: Անգամ, օրինակ, Ֆրանսիայի ոչ բոլոր քաղաքացիներն էին իրենց ֆրանսիացի համարում, նրանք բրետոնացիներ, պրովանսալացիներ, գասկոնիացիներ էին և այլն: Նույն պատկերն էր մյուս երկրներում: Երբ առաջացան գրական լեզուներ, որոնցով ստեղծվեցին մշակութային արժեքներ՝ թատրոն, գրականություն, գիտական ուսումնասիրություններ, պատմական տեքստեր, հետագայում` կինոարվեստ, իսկ կրթությունը դարձավ համընդհանուր՝ նույնական դասագրքերով, երկրների քաղաքացիները սկսեցին միմյանց նկատմամբ միասնության զգացողությամբ տոգորվել: Նրանք այլևս այս կամ այն միապետի կամ ֆեոդալի հպատակները չէին, նրանք այլևս քաղաքացիներ էին մեկ միասնական տարածության մեջ ապրող, նույնական աշխարհընկալում, միասնական տնտեսական շուկա ունեցող` նույն հարկային դաշտով ու համապատասխան պարտականություններով: Իսկ այդ ամենը կազմակերպում է պետությունը, այսինքն՝ պետության հիմնական գործառույթներից է պրոպագանդան՝ քարոզչությունը, այդ ամենը մատուցել կամ, եթե կուզեք, պարտադրել բոլոր քաղաքացիներին: Պետական պրոպագանդան կերտում է հերոսներ և թշնամիներ, քարոզում հայրենասիրություն, մատնացույց է անում Ճիշտը և Սխալը: Դա կարող ենք անվանել պետական գաղափարախոսություն, ինչը կենդանի, մշտապես փոփոխվող ու զարգացող երևույթ է:

Պետական քարոզչությունը քաղաքական գործունեության արգասիք է, և այն տրասֆորմացիայի ենթարկելու համար միմյանց հետ պայքարում են քաղաքական կուսակցությունները: Այսինքն՝ զբաղվել քաղաքականությամբ, նշանակում է ունենալ սեփական աշխարհայացքը, ապագայի նախագիծը, որը առաջարկվում է ընտրողներին` ընտրությունների ժամանակ:

Պետական քարոզչությունն ունենում է տարբեր լսարաններ` հանրությունը և պետական ծառայողները:

Հանրության համար քարոզչությունը պետք է լինի հանրամատչելի ու հեշտ ընկալելի:

Այն պետք է ունենա իր կենտրոնական թեզը և այդ թեզը պետք է լինի պարզ ընկալելի: Պետական ծառայողների համար այն պետք է ավելի բարդ, փիլիսոփայական հիմնավորումներով լինի ու իր մեջ ունենա «ապագայի նախագծի» մասին պատկերացումներ:

Հայաստանի պետական քարոզչության 4 փուլերը

Հիմա փորձենք հասկանալ, թե Հայաստանի վերջին 30 տարվա պատմության ընթացքում ինչ քաղաքական տրանսֆորմացիաներ են եղել և ով ինչ է առաջարկել կամ ավելի ճիշտ, ինչ քաղաքական պատկերացումներ են եղել Հայաստանի «ապագայի նախագծերի» վերաբերյալ:

Քանի որ Հայաստանի քաղաքական համակարգը անձնավորված է և ժամանակաշրջանները բնորոշվում են 3 նախագահներով ու հիմիկվա «հեղափոխական»` 4-րդ շրջանով, ապա փորձենք հասկանալ, թե այդ պայմանական չորս ժամանակաշրջաններում պետական քարոզչությունն ինչպես է աշխատել, որոնք են համարվել այդ ժամանակշրջանների Ճիշտն ու Սխալը, աշխարհի ու աշխարհում Հայաստանի տեղի ու դերի մասին պատկերացումները: Բոլոր երեք նախագահներն էլ ունեցել են իրենց պատկերացումներն ու գործելակերպը, իսկ վերջին շրջանը նույնպես իր առանձնահատկություններն ունի: Դրանց մասին հոդվածի հաջորդ մասում կխոսենք:

Շարունակելի․․․

Ստեփան Դանիելյան
politeconomy.org

Տեսանյութեր

Լրահոս