«Սա սարսափ է, դժոխք և ցեղասպանություն սեփական ժողովրդի նկատմամբ». բժիշկ Մաթևոսովը` Մոսկվայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին
Ռուսաստանի խոշոր քաղաքներում ձեռնարկված կարանտինային միջոցառումները դեռ մեղմ են: Ավելին, նույնիսկ «կարանտին» բառը Ռուսաստանի մայրաքաղաքում փոխարինվել է «բարձր պատրաստվածության ռեժիմով», շատ ձեռնարկություններ գործում են ինչպես նախկինում, և ձեռնարկատերերը, որոնք ստիպված էին փակել իրենց բիզնեսները, բողոքում են պետության կողմից անբավարար ֆինանսական աջակցությունից, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ռուսաստանում մասնավոր խոշորագույն կլինիկաներից մեկի` «Մեդսի»-ի բժշիկ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիդ Մաթևոսովը, գնահատելով Ռուսաստանում ստեղծված իրավիճակը, մասնավորապես, անցաթղթերի պատճառով Մոսկվայում մեքենաների և ուղևորների կուտակումներն ու հերթերը, այդ թվում` մետրոյի մուտքի մոտ, ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է. «Սա սարսափ է, սա դժոխք է, ցեղասպանություն սեփական ժողովրդի նկատմամբ, չգիտեմ` ինչ բառեր օգտագործել: Մենք այժմ ամբողջովին զրոյացրել ենք այն, ինչ արել էինք 2.5 շաբաթ առաջ: Սա ավելի վատ է, քան խորոված անելը, զբոսանքի դուրս գալը, քանի որ դրանք գոնե մաքուր օդին են կազմակերպվել, այլ ոչ այսպիսի բազմության մեջ, երբ մեկ մարդ կարող է վարակել տասը մարդու: Հետևաբար, մենք սպասում ենք հաջորդ պիկին՝ կախված ինկուբացիոն ժամանակահատվածից՝ 7-14 օրվա ընթացքում: Այս ամենը շատ դրամատիկ է, ցավոք սրտի:
Դա տեղի է ունենում հիմնականում այն պատճառով, որ տվյալ փուլում մոտեցել ենք հրաբխի, որին սպասում էինք արդեն մարտի կեսերից: Կանխատեսումը մոտավորապես նույնն էր: Հրաբուխն առաջին հերթին ձևավորվեց մեր քաղաքացիների ոչ կարգապահ պահվածքի պատճառով, որոնք, Վլադիմիր Պուտինի կողմից սահմանափակող միջոցառումների մասին հայտարարությունից հետո, տեղի ունեցողը գնահատեցին որպես հերթական արձակուրդ և որոշեցին օգտվել դրանից: Առաջին պատճառը հենց դա է, որը մինչ օրս պահպանվում է… Մեկ շաբաթում ամեն ինչ կտրուկ վատացավ, ոչ մի պետության առողջապահական համակարգ չի կարող իրեն թույլ տալ միաժամանակ այդ քանակի հիվանդ ընդունել»,- ասել է Մաթևոսովը: