
Uber-ը կորոնավիրուսի պատճառով միլիարդների վնաս է կրում

Uber ամերիկյան տաքսի ծառայությունը SARS-CoV-2 կորոնավիրուսային համավարակի պատճառով միլիարդավոր դոլարների վնաս է կրում եւ ստիպված է չեղարկել մինչեւ 2020 թվականն արված կանխատեսումներն իր բիզնեսի համար: Ներկայումս անհնար է կանխատեսել, թե այս տարի համաճարակն ինչ ազդեցություն կունենա ընկերության գործնական ցուցանիշների վրա, փոխանցում է DW-ն:
Մինչ այժմ Uber-ն իր մաքուր կորուստները կանխատեսել էր 1.25 եւ 1.45 միլիարդ դոլարի սահմաններում: Անցյալ տարի մինուսը 2.7 միլիարդ դոլար էր կազմել: Պարետային ժամերի, փակ խանութների, գործարանների եւ կարանտինային այլ միջոցառումների պատճառով Uber-ի ծառայությունների պահանջարկն ամբողջ աշխարհում զգալիորեն նվազել է: 2020 թվականի առաջին եռամսյակում համաճարակի ֆինանսական հետեւանքների մասին Uber նախատեսում է հայտարարել մայիսի 7-ին:
Միեւնույն ժամանակ, արդեն հիմա պարզ է, որ Uber-ը ստիպված կլինի ընդհանուր 1.9-2.2 միլիարդ դոլարով կրճատել իր մինորիտար մասնակցությունը տարբեր ընկերություններում: Uber-ը մինորիտար բաժնետոմսեր ունի տաքսի ծառայությունների եւ սննդի առաքման տարբեր ընկերություններում, ինչպիսիք են Grab-ը, Yandex-ը կամ Didi-ն: Uber-ը դեռ չի հայտնել, թե այս ընկերություններից որի վրա կտարածվեն կրճատումները: 2019-ի վերջին տարբեր ընկերություններում Uber-ի մասնակցության ընդհանուր արժեքը գրեթե 12 միլիարդ դոլար է գնահատվել: