Արցախի նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը. նախնական տվյալներով նրա օգտին քվեարկել է ընտրողների 87 %-ը․ խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«2020թ-ի համապետական ընտրական մարաթոնն ավարտված է: Շնորհավորում եմ բոլորիս: Իսկ շնորհավորանքի առիթը բավականին ծանրակշիռ է. պանդեմիայի պարտադրած բարդ պայմաններում մենք բոլորս կարողացանք առանց ցնցումների հաղթահարել քվեարկության 2 փուլերը:

Քվեարկության ակտիվության թեմայով դատողությունները թողնենք քաղաքագետ-վերլուծաբաններին: Իմ կարծիքը հետևյալն է. մեր հայրենակիցների մի մասը` և՛ իմ, և՛ մյուս թեկնածուի կողմնակիցներից, գուցե թե մտածեց, որ ընտրության արդյունքը կանխորոշված է և իր մասնակցությունն այդքան էլ պարտադիր չէ:

Այս ամենով հանդերձ՝ արձանագրում ենք Արցախի Հանրապետության անցումը ժողովրդավարության հաջորդ աստիճանին: Անթերի ոչինչ չի լինում՝ անգամ շատ ավելի կայացած երկրներում: Ժամանակ անց, երբ միջազգային գործընկերները կայցելեն մեր տարածաշրջան, ավելի մոտիկից կկարողանան գնահատել մարդու հիմնական իրավունքների իրացման հանձնառությունը մեզ մոտ ու համեմատել որոշ ճանաչված պետությունների հետ:

Գնում ենք առաջ: Պարտավո՛ր ենք կառուցել մեր ժողովրդի բարեկեցիկ ապագան: Հաջողություն բոլորիս»:

«Ազատ Հայերնիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ գրել է, որ Հարությունյանը նախնական տվյալներով հավաքել է ձայների 87 տոկոսը:

«Նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս. շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր անցկացվեց Արցախի նախագահական ընտրությունների 2֊րդ փուլը։

Պայքարն ընթանում էր նախագահական ընտրությունների առաջին փուլում առավել շատ ձայներ ստացած թեկնածուներից երկուսի՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի միջև:

Տեսանյութեր

Լրահոս