Բաժիններ՝

Գյուղացիներին առաջարկում եք վարկեր վերցնել այն դեպքում, երբ գյուղացիների մեծ մասը վարկունակ չէ. Գևորգ Գորգիսյան

Կառավարությունն իր սոցիալական ծրագրերով գյուղացիներին առաջարկում է վարկեր վերցնել այն դեպքում, երբ գյուղացիների մեծ մասը վարկունակ չէ և չի կարողանում օգտվել այդ ծրագրերից, իսկ սրա արդյունքում ստացվում է, որ մենք 25 մլն դրամ ենք հատկացնում վարկերի սուբսիդավորմանը, բայց ունենք անվարկունակ գյուղացի. Այսօր Ազգային ժողովում պարետ Տիգրան Ավինյանին դիմելով՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Հիմա ցանքի սեզոն է, և այսօրվա ներդրման անհրաժեշտությունն առաջնային է: Արդյո՞ք մտածում եք փոխել մոտեցումը, այդ աջակցությունը տալ սերմացուի, դիզվառելիքի համար կամ պարարտանյութի համար փոխհատուցում»,- հարցրեց Գևորգ Գորգիսյանը:

Ի պատասխան պատգամավորի բարձրաձայնած մտահոգության՝ պարետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ամբողջությամբ չի հասցրել ծանոթանալ գյուղատնտեսական ծրագրերին և հույս ունի, որ վաղը՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, էկոնոմիկայի նախարարը հարցին համապարփակ կպատասխանի:

Գևորգ Գորգիսյանի բարձրացրած հաջորդ հարցը վերաբերում էր օրավարձով աշխատող,  մարզերից  կամ Երևան քաղաքում միկրոավտոբուսով կամ ավտոբուսով  տեղափոխվող քաղաքացիների խնդրին:

Ըստ Գորգիսյանի՝ հասարակական տրանսպորտի չաշխատելու դեպքում խնդիր է առաջանում՝ աշխատակիցների տրանսպորտային միջոցներով տեղափոխման հարցն ինչպես է լուծվելու, քանի որ քաղաքացիները չեն կարող տաքսիներով տեղափոխվել և մասնակցել գյուղատնտեսական աշխատանքներին:

Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ այդ հարցը կանոնակարգված է այն բոլոր ոլորտների համար, որոնց վրայից հանվել են սահմանափակումները, և տնտեսվարողներին թույլատրվելու է իրենց աշխատակիցներին միկրոավտոբուսներով և ավտոբուսներով տեղափոխելու հնարավորություն ստեղծել.

«Միջմարզային սահմանափակումներն էլ թեև կան, սակայն դա չի նշանակում, որ ուղևորաբեռնափոխադրումներ տեղի չեն ունենալու: Համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում փոխադրումները հնարավոր են լինելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս