Բաժիններ՝

ԱՆ-ն պատրաստվում է վատագույն սցենարներին՝ մտածելով, որ դրանք չեն լինի. Առողջապահության փոխնախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարին կամավորների ներգրավման մասին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և պարետ Տիգրան Ավինյանի կոչին արձագանքել են մեծ թվով մայրապետներ, բժշիկներ և, կարելի է ասել, այդ կոչն ունեցել է շատ լավ արձագանք:

Այսօր Ազգային ժողովում ասաց  Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ Կառավարությունը, սակայն, բժշկական անձնակազմի գերբեռնված աշխատանքը թեթևացնելու, հերթափոխեր ունենալու համար առաջարկում է փոփոխություններ կատարել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»,  «Լիցենզավորման մասին» օրենքներում:

Ավանեսյանի փոխանցմամբ՝ այս փոփոխություններով անգամ ավարտական կուրսի ուսանողնները հնարավորություն կստանան արագ վերապատրաստվելու և ներգրավվելու բժշկական անձնակազմերում:

Ըստ փոխնախարարի՝ մարզային բժշկական կենտրոնները ևս ներգրավված են այս գործընթացին, և նախարարությունն ապահովում է մարզեր մեկնող բուժաշխատողների տեղափոխումը։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը պատրաստվում է վատագույն սցենարներին՝ մտքում, սակայն, մտածելով, որ դրանք չեն լինի:

«Ամեն ինչ պետք է անենք մեր բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելու համար, որպեսզի, եթե լինի թվերի ավելացում, ապա պատրաստ լինենք մեր հիվանդներին անհրաժեշտ  բուժօգնություն տրամադրել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս