
Չինաստանից բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակի մեծ մասը բերվել ՀՀ պետական միջոցների հաշվին. Վահան Հունանյան

Օրեր առաջ Չինաստանից բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը ինքնաթիռով բերվեց Հայաստան: Որին հաջորդեցին տարբեր գրառումներ, մասնավորապես, Աննա Հակոբյանը` համապատասխան լուսանկար տեղադրեց` գրառմամբ, որ «վերոնշյալ բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման համար «Իմ քայլը» հիմնադրամը տրամադրել է 100 միլիոն դրամ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառման մեջ նշված էր, որ դրանք ձեռք են բերվել ՀՀ պետական միջոցների հաշվին, ինչպես նաև Չինաստանի պետական մարմինների, հայ և չինացի բարերարների նվիրաբերության:
168.am-ի հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը նշեց, որ գրառումներում հակասություն չպետք է տեսնել:
«Բոլորն էլ ճիշտ են: Մեծ մասը, սակայն, ձեռք է բերվել ՀՀ պետական միջոցների հաշվին»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Չինաստանից բերված պարագաների և սարքավորումների խմբաքանակը ներառում է 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր, 2 թթվածնի մատակարարման կայան, 60.000 հատ թեստ, 60.000 հատ բժշկական դիմակ, 280.000 հատ պաշտպանիչ դիմակ, 20.000 հատ պաշտպանիչ ակնոց,100.000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:
Մարիամ Պետրոսյան