Բաժիններ՝

COVID-19. Իսպանիան մահացության ցուցանիշով երկրորդն է՝ անցնելով ԱՄՆ-ին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 533 հազար 897-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 89 հազարը: Ապաքինվել է ավելի քան 337 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 435 հազար 160 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 14 հազար 797 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 152 հազար 446: Այստեղ 4 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Իսպանիայում մահացության ցուցանիշը կազմում է 15 հազար 238: Մահացության ցուցանիշով Իսպանիան անցավ ԱՄՆ-ին:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 139 հազար 422 է: Վարակից մահացել է 17 հազար 669 մարդ. այս ցուցանիշով Իտալիան աշխարհում առաջինն է։

Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Գերմանիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 113 հազար 296 հաստատված դեպք, մահացել է 2 հազար 349 մարդ:
Վարակվածության ցուցանիշով Գերմանիային հաջոդում է Ֆրանսիան, որտեղ 112 հազար 950 հաստատված դեպք կա, մահացել է 10 հազար 869 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 հազար 865 ընդհանուր, 63 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 335 մարդ։

Իրանում կորոնավիրուսի ապրիլի 9-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1634-ով՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմելով 66 հազար 220: Մահացածների թիվն ավելացել է 117-ով: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 110 մարդ: Վարակվածներից 3 հազար 918 մարդ գտնվում է ծանր վիճակում: Իրանում մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 497-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 32 հազար 309:

Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 60 հազար 733 է, Թուրքիայում՝ 38 հազար 226 է, Բելգիայում՝ 24 հազար 983 է, Շվեյցարիայում՝ 23 հազար 612 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 214 դեպք կա, Ռուսաստանում` 10 հազար 131: ՌԴ-ում մահացել է 76 մարդ:

Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 2 հազար 659, այստեղ գրանցվել է մահացության 12 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 376 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 103 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1560: Իրաքում վարակվածների թիվը 1202 է, մահացության ցուցանիշը 69 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 910: Սիրիայում հաստատվել է 19 դեպք, մահացել է 2 մարդ: Լիբիայում գրանցվել է վարակվածության 21, մահվան 1 դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 204-ը:

Գերմանիայի բնակիչների մեծ մասը կողմ է կարանտինի ժամկետի երկարացմանը

Գերմանիայի բնակիչների մեծամասնությունն իր աջակցությունն է հայտնում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մտցված սահմանափակումների ժամկետը երկարաձգելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ գերմանական ZDF հեռուստաընկերության անցկացրած հարցման մասնակիցների 55 տոկոսը կարծում է, որ կարանտինի սահմանափակումները պետք է լինի նաև ապրիլի 19-ից հետո:

Հարցվածների 29 տոկոսը ճիշտ է գտնում այդ ժամկետից հետո սահմանափակումները հանելը: Միայն 5 տոկոսն է համարում, որ սահմանափակումները պետք է հանվեն ավելի վաղ:

Իսպանիան պատրաստվում է ամառային սեզոնին առանց օտարերկյա զբոսաշրջիկների

Իսպանիայի կառավարությունն աշխատում է մի նախագծի ուղղությամբ, որը երկրում ամռան սեզոնը դիտարկում է առանց օտրաերկյա զբոսաշրջիկների՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Նշվում է, որ այս սցենարը ենթադրում է սահմանի ամբողջական կամ մասնակի փակում: Իշխանությունները մտադիր են զարկ տալ ներքին տուրիզմի զարգացմանը: Կառավարությունը նախատեսում է ուսումնասիրել փորձագետների՝ ծովափերում մարդկանց թվի սահմանափակումների մասին դիտարկումները:

Հյուրանոցային բիզնեսը և ավիացիայի ոլորտը ենթադրում են, որ առաջիկա սեզոնը չի լինելու եկամտաբեր՝ հաշվի առնելով եվրոպական երկրների կողմից սահմանված սահմանափակումները՝ կապված օդային փոխադրումների հետ: Զբոսաշրջության ոլորտի մասնագետները նշում են, որ դեպի Իսպանիա տուրերի նկատմամբ պահանջարկը կնվազի նաև սահմանափակումների վերացումից հետո:
Երկրի իշխանությունները ձգտում են խուսափել «կորոնավիրուսի երկրորդ ալիքից» սեպտեմբերին, ինչը չեն բացառում առողջապահության ոլորտի մասնագետները:
2019 թվականին Իսպանիա է այցելել 83.7 մլն օտարերկյա զբոսաշրջիկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է երկրի համար:

Կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը Իսպանիայում գրանցվել է հունվարի 31-ին:

Լեհաստանի նախագահը կողմ է փոստի միջոցով ընտրություններն անցկացնելու գաղափարին

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մայիսի 10-ին սպասվող նախագահական ընտրություները փոստի միջոցով անցկացնելու գաղափարը համարում է հնարավոր լուծումներից մեկը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում:

«Ընտրությունները պետք է կայանան մայիսի 10-ին, բայց առաջին տեղում քաղաքացիների կյանքն ու առողջությունն են: Կարևոր է նաև սահմանադրական կարգը, իշխանությունների շարունակակությունը, որն ապահովվում է ժողովրդավարական ընտրությունների միջոցով»,- ասել է Լեհաստանի նախագահը: Ընտրությունների անվտանգ անցկացման համար միակ ճանապարհը նախագահը համարում է փոստային քվեարկությունը:

«Եթե ընտրություններն անցկացվեն փոստի միջոցով՝ պահպանելով օրենքը, ապա ես կողմ եմ: Բայց դրանք պետք է անցկացվեն այնպես, որ քաղաքացիների անվտանգությունը երաշխավորված լինի»-, հավելել է Դուդան:

Լեհաստանում մայիսի 10-ին պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ: Եթե թեկնածուներից ոչ ոք չհավաքի 50 տոկոսից ավելի ձայն, ապա մայիսի 24-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը՝ երկու այն թեկնածուների մասնակցությամբ, որոնք ամենաշատ ձայնն են հավաքել: Կորոնավիրուսի հետևանքով ընտրական գործընթացը սառեցվել է մի քանի շաբաթ: Շատ քաղաքական գործիչներ, ինչպես նաև հարցումների համաձայն, բնակիչների 70 տոկոսը անհրաժեշտ է համարում քվեարկության օրը տեղափոխելը:

Վրաստանի վարչապետը հնարավոր է համարում երկրում կարանտինի ռեժիմի խստացումը

Կարանտինի ռեժիմի խստացում հնարավոր է ոչ միայն Վրաստանի առանձին շրջաններում, այլև երկրի ամբողջ տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռեգնում» գործակալությանը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Վրաստանի վարչապետը նշել է, որ երկրում ավելացել է այն շրջանների թիվը, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսի հաստատման դեպքեր:

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը մտցվել է մարտի 21-ին: Մարտի 31-ից կարանտինի պայմանները խստացվել են: Երկրի ամբողջ տարածքում սահմանվել է պարետային ժամ:
Կարանտինի ռեժիմի կանոնները խախտողները կտուգանվեն 3000 լարիով (շուրջ 950 դոլար):

Մոլդովայի մեծ թվով քաղաքացիներ վերադառնում են իրենց երկիր

Մոլդովան ընդունում է արտերկրում աշխատող և վերադառնալու որոշում կայացրած իր մեծ թվով քաղաքացիների: Ոստիկանության տվյալների համաձայն, մարտի 9-ից, երբ երկրում գրանցվեց կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը, մինչև մարտի վերջը երկիր են վերադարձել 101 հազարից ավելի Մոլդովայի քաղաքացիներ:

Ներկայում օրական վերադառնում է 2 հազար քաղաքացի: Մարդկանց օգնում են վերադառնալ Մոլդովայի դիվանագիտական ներկայացուցչություները, որոնք կազմակերպում են չարտերային չվերթներ հայրենակիցների համար:

Հնդկաստանում ռոբոտ-բուժքույրերը շուտով կծառայեն կորոնավիրուսով վարակված անձանց

Ռոբոտ բուժքույրերն ու բուժակները շուտով կսկսեն ծառայել Հնդկաստանի հիվանդանոցներում, պայքարելու համար ընդդեմ կորոնավիրուսի համաճարակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ փորձարկումների փուլում գտնվող ռոբոտ-բուժքրոջ նպատակը վարակակիրների հետ իրական բուժքույրերի շփումը նվազեցնելն է: «Դոքաթ Աուրա» անվանումը կրող ռոբոտը կարող է դեղամիջոցներ տալ ու սննդամթերք մատուցել մեկուսացման մեջ պահվող հիվանդներին: Այն տեղաշարժվում է հատակին տեղադրված ֆոտոզգայուն գոտու օգնությամբ ու կարող է հիվանդների հետ հաղորդակցվել պարզ արտահայտություններով ու նախադասություններով:

«Dotworld Technologies»-ի պատասխանատուներն ասում են, թե այս ռոբոտը ծառայելու է կորոնավիրուսի թեթեւ տեսակով տառապող հիվանդներին: Հնդկաստանը պատրաստվում է 45 օրերի ընթացքում արտադրել նման 100 ռոբոտ և շարունակել աշխատանքը ամսական հարյուրական ռոբոտների արտադրությամբ: Ծրագրվում է արտադրության մեջ դնել նաեւ «Դոքաթ Քուրա» անվանումը կրող ռոբոտը, որի գործն է լինելու հասարակական վայրերի վարակազերծումը:

«Ֆորմուլա-­­1»-ի մրցափուլերը կանցկացվեն առանց երկրպագուների

«Ֆորմուլա-­1»-ի ղեկավարությունը մտադիր է մրցաշրջանի մյուս մեկնարկներն անցկացնել առանց հանդիսականների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: «Ֆորմուլա­-1»-ի մյուս 19 մրցափուլերը կվերսկսվեն միայն կորոնավիրուսի պանդեմիայի նահանջից հետո, սակայն կանցնեն առանց երկրպագուների ներկայացության: Առաջիկա մեկնարկը Ֆրանսիայի Գրան Պրին է, որը նախատեսված է հունիսի 26-28­ը:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Կանադայում հունիսի 12-14-ին կայանալիք Գրան Պրին հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մինչ այս «Ֆորմուլա-­1»-ում հետաձգվել են նախորդ 9 մրցաշարարերը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել են Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը, Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը: Անժամկետ դադարեցված են ֆուտբոլի ազգային մի շարք առաջնություններ և մարզական այլ միջոցառումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս