29-ամյա երիտասարդը կոտրել էր մեքենայի ապակին ու դրամապանակ գողացել
Ապրիլի 7-ին Մալաթիայի քրեական հետախույզները նախկինում կատարված գողություն են բացահայտել։ Դեպքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվել էր նախորդ տարվա հուլիսի 18-ին։ Բաժին ահազանգած կինը հայտնել էր, որ Անդրանիկի փողոցի թիվ 142 շենքի բակում կայանված մեքենայից գողություն են արել։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբն արձանագրեց, որ կոտրել են «Տոյոտայի» ապակիներից մեկն ու տիրոջ դրամապանակը գողացել։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Մալաթիայի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Դեպքից ամիսներ անց հետևողական աշխատանքը արդյունք տվեց։
Բաժնի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է Իսակովի պողոտայի 29-ամյա մի բնակիչ։ Կասկածվողը ապրիլի 7-ին հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն։
Գողոնը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։