Չնայած իրականացված միջոցառումներին՝ Արցախում գրանցվել է կորոնավիրուսի վարակման դեպք, ինչը պահանջում է համապատասխան շտկումներ մտցնել. Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Ուշադրության հատուկ կենտրոնում էր մեր հանրապետությունում գրանցված նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Նախագահն ընդգծել է, որ չնայած իրականացված միջոցառումներին, մեր հանրապետությունում այնուամենայնիվ գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք, ինչը պահանջում է համապատասխան շտկումներ մտցնել իրականացվող աշխատանքների մեջ՝ նպատակ ունենալով չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել վարակի տարածման հնարավորությունները:
Կատարվող աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, շահագրգիռ կառույցների ղեկավարները:
Խորհրդակցության ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման խնդիրներին:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետք է ամենաբարձր մակարդակով իրականացնել կանխարգելիչ և կազմակերպչական բոլոր միջոցառումները, ապահովել անհրաժեշտ բժշկական պարագաների և ախտահանիչ միջոցների ձեռքբերումն ու տեղերում ախտահանման աշխատանքների համակարգված իրականացումը, վեր հանել և շտկել առկա բացերն ու թերացումները:
Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ներկայիս իրավիճակը պահանջում է պատասխանատվության բարձր աստիճան և աշխատանքների համակարգված իրականացում: