«Այս հարցերը կան, իմացել ենք դրանց մասին, արագ կազմակերպել հնարավոր չէ»․ ՌԴ-ում ՀՀ դեսպանը՝ ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու և մի շարք ակտուալ հարցերի մասին

«Այս պահին պլանավորված որևէ թռիչք չկա»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ ներկայացնելով ՌԴ-ում ՀՀ այն քաղաքացիների վիճակը, որոնք վերջին օրերին իրականացված 2 չվերթերով դեռ չեն կարողացել վերադառնալ հայրենիք: Մեզ հետ զրույցում Վ. Տողանյանն անդրադարձավ նրանց ՀՀ վերադարձնելու ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև՝ այն ահազանգերին և տեղեկություններին, որ ՌԴ-ում մնացած մեր հայրենակիցներն այս օրերին հայտնվել են անորոշության մեջ, խմբված «Դոմոդեդովո» օդանավակայանում, ինչը լի է նրանց առողջության համար մի շարք ռիսկերով ու վտանգներով պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ։

«Բոլորը, ովքեր դիմել են կեցավայրի, օթևանի, սննդի համար, եթե դրա կարիքն ունեցել են, իրենց խնդրի լուծումը ստացել են»

Վարդան Տողանյանը նախ տեղեկացրեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մի քանի անգամ տեղեկացրել է, որ ՀՀ 444 քաղաքացի է Ռուսաստանից մեկնել ՀՀ երկու չվերթով։ Նրա խոսքով՝ ցանկացողներ էլի կան և Մոսկվայում, և Հարավում՝ Ռոստովում, Կրասնոդարում և Սանկտ Պետերբուրգում։

«Նրանք ցուցակագրված են։ Այս պահին բոլոր նրանք, ովքեր դիմել են կեցավայրի, օթևանի, սննդի հարցի համար, եթե դրա կարիքն ունեցել են, իրենց խնդրին լուծում են ստացել ու ստանում։ Մոսկվայում 4 տարբեր հյուրանոցներ կան, որոնցում մարդիկ տեղավորվել են։ Կան մարդիկ, ովքեր հրաժարվել են, քանի որ ունեն օթևանելու տեղ, մի քանի մարդկանց դեպքում աշխատել ենք աշխատանք գտնել, քանի որ զրկվել են աշխատանքից, և պարզվել է, որ ինչ-որ տեղերում կա աշխատանք, ինչպես Նովոսիբիրսկում, Նիժնի Նովգորոդում, որտեղ էլ նրանք տեղավորվել են։ Երբ կլինի չվերթ, նրանք, ովքեր կցանկանան, կմեկնեն կազմակերպված կերպով, բայց այս պահին թվեր չեմ կարող հայտնել»,- նշեց դեսպանը։

Վարդան Տողանյանը խոսեց նաև «Զվարթնոց» օդանավակայանում այս օրերին ՌԴ-ից դեռ չվերադարձած մեր քաղաքացիների հարազատների կուտակումների, մտահոգությունների մասին՝ նշելով, որ «Զվարթնոցում» ՀՀ քաղաքացիների հարազատները փորձում էին կիրակի օրը տոմսեր գնել, որովհետև առաջին չվերթից առաջ կային քաղաքացիներ, ովքեր գումար չունեին, բայց նրանց հարազատները պատրաստ էին գնել տոմսերը, ուստի ավիաընկերությունը որոշեց «Զվարթնոց» օդանավակայանի իր տոմսարկղերում վաճառք կազմակերպել։

«Բայց, բնականաբար, առաջին թռիչք նախատեսված էր 222 քաղաքացու համար, «Զվարթնոցում» հավաքվեց 300 հոգի, նույնքան էլ՝ Մոսկվայում, բայց ինքնաթիռն այդքան մարդ միանգամից տեղափոխել չէր կարող։ Ինչ վերաբերում է երեկվա իրավիճակին, ապա նրանք, ովքեր չկարողացան երեկվա թռիչքով մեկնել՝ շուրջ 40 քաղաքացի, տեղավորված են մեր կողմից նշված հյուրանոցներում, իսկ ՀՀ 14 քաղաքացի հրաժարվեց լքել օդանավակայանը, որովհետև կան տարբեր սրիկաներ, այլ կերպ չեմ կարող անվանել, որոնք սոցիալական ցանցերում, օդանավակայանում ֆեյք տեղեկություններ են տարածում, թե թռիչք է լինելու»,- ասաց Տողանյանը։

S7 ավիաընկերության միջոցով որևէ չվերթ պլանավորված չէր

Նա նաև անդրադարձավ 168am-ին հասած այն տեղեկություններին, որ S7 ավիաընկերությունը պատրաստ է թռիչք իրականացնել և ՀՀ տեղափոխել մեր քաղաքացիներին, սակայն ՀՀ պարետատնից համաձայնություն չկա։

Նրա խոսքով՝ տեղեկություն էր տարածվել, թե նման չվերթ պետք է լինի, սակայն դա սուտ է, քանի որ որևէ թռիչք չէր էլ պլանավորվում։

«Պարզապես մարդկանց խաբում են, ասում են՝ տոմս կա 40 հազար դրամով, պարզ չէ, թե ինչու։ Բնականաբար, մենք և այդ ավիաընկերությունը հայտնեցինք, որ նման բան չկա։ Բայց մարդիկ մտածում են, որ լինելու է չվերթ, ու ցանկանում են այնտեղ մնալ, որպեսզի երբ տոմսարկղը բացվի, առաջինն իրենք գնեն տոմսը։ Մենք էլ մի քանի անգամ հայտարարեցինք, որ չի կարելի նման բան անել, որևէ թռիչք այս պահին չի պլանավորվում, բայց կան մարդիկ, որոնք այնտեղ են, նրանք ունեն մեր տվյալները, եթե ցանկանան, մենք իրենց կտեղավորենք»,- ասաց Տողանյանը։

«Նոր չվերթ իրականացնելու թույլտվություն պետք է տա և՛ Երևանը, և՛ Մոսկվան»

ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշեց նաև, որ ոչ միայն վերոնշյալ, այլև շատ ավիաընկերություններ պատրաստ են չվերթ իրականացնել, քանի որ ավիաընկերությունը հենց դրա համար է։

«Բայց իրենք չեն ասել, որ կատարելու են և ունեն թույլտվություն, իսկ թույլտվությունն անհրաժեշտ է և՛ Ռուսաստանի կառավարությունից, որովհետև միջազգային փոխադրողները կանգնած են, յուրաքանչյուր չվերթ պետք է թույլտվություն ստանա, և՛ ՀՀ կառավարությունից։ Ավիաընկերությունն իսկապես հայտարարել է, որ պատրաստ է, քանի որ իրենց դիմել են որոշ մարդիկ, ուստի ավիաընկերությունն ասել է, որ, եթե թույլտվություն ունենա, ապա՝ կթռնի, ինչը բնական է։ Բայց մարդիկ մտածել են, որ օդանավը կանգնած է, ամեն ինչ պատրաստ է, պետք է գնան-նստեն ինքնաթիռ և մեկնեն Հայաստան, սխալ ընկալում է դա։ Դեռ պլանավորված որևէ թռիչք չկա, փոփոխությունների մասին կամ պարետատունը, կամ ԱԳՆ-ն կհայտարարի մի քանի օր շուտ»,- ասաց դեսպան Տողանյանը։

Ինչո՞ւ ՀՀ քաղաքացիների վերադարձը միանգամից չի կազմակերպվում

Հարցին, թե ինչո՞ւ միանգամից չի կազմակերպվում մեր բոլոր քաղաքացիների վերադարձը, ո՞ր կողմն է հապաղում տալ թույլտվություն ավիաընկերություններին նման թռիչքների իրականացման համար, տեխնիկական ի՞նչ խոչընդոտներ կան՝ մեր քաղաքացիների վերադարձը միանգամից կազմակերպելու հարցում, Տողանյանն արձագանքեց՝ ասելով, որ ոչ կանոնավոր չվերթերը, որոնք այս դեպքում կազմակերպվում են, ամբողջ աշխարհում պետք է ամեն անգամ ստանան թույլտվություն։

«Վերջին օրերին կազմակերպված 2 չվերթերը ոչ կանոնավոր չվերթեր են եղել, և թռչող երկրից պետք է թույլտվություն ստանալ և ընդունող երկրից։ Թույլտվություն ստանալու համար հարկավոր է պահպանել մի շարք նորմեր, այսինքն՝ պետք է լինի ավիաընկերություն, որը պետք է դիմի և ունենա համապատասխան բոլոր նորմերը, մենք առաջին չվերթերը կազմակերպել ենք «Red wings» ավիաընկերության միջոցով։ Սա հատուկ իրավիճակ է, Հայաստանից ինքնաթիռը դատարկ է ժամանում, այսինքն՝ պայմանը դա է, որովհետև Ռուսաստանը չի ընդունում քաղաքացիներ, ուստի պետք է հասկանալ տոմսի հնարավոր մինիմալ տարբերակը, որովհետև դատարկ է գալիս ինքնաթիռը, և պետք է ընտրվի այն ավիաընկերությունը, որը կհամապատասխանի նման չվերթ իրականացնելու բոլոր նորմերին, կունենա համապատասխան օդանավակայան, այս օրերին աշխատող անձնակազմ: Այսինքն՝ տեխնիկական մանրուքները շատ են, ուստի դա արագության և ոչ արագության հարց է»,- ասաց դեսպանը՝ ավելացնելով, որ տեղյակ չէ՝ արդյոք եղե՞լ են նման թռիչք իրականացնելու պատրաստակամություն հայտնած ավիաընկերություններ, որոնք մերժվել են։

«Նման հարցերով պետք է դիմել ՔԱԿ-ին կամ Պարետատանը, որովհետև կան նաև մասնավոր ավիաընկերություններ, որոնք այլ քաղաքներից են փորձում չվերթեր իրականացնել, տեղեկությունն իրականում դիվանագիտական խողովակներով չի գնում, այլ գնում է տարբեր երկրների ավիացիոն իշխանությունների մակարդակով»,- ասաց դեսպան Տողանյանը։

«Հարցերը կան, մենք իմացել ենք դրանց մասին, դրանք արագ կազմակերպել հնարավոր չէ»

Խոսելով ՀՀ կառավարության պատրաստվածությունից՝ ընդունել միանգամից ՌԴ-ում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիներին, Վարդան Տողանյանն ասաց, որ իրենք ՀՀ կառավարությունից ուղերձ ստացել են և այն հրապարակել են։

«Մոտ 100 ՀՀ քաղաքացի այս օրերին հրաժարվեց վերադառնալ։ Իսկ բոլոր վերադարձողները պարտադիր կերպով անցնելու են 14-օրյա կարանտին՝ անկախ իրենց իրավիճակից, ինքնազգացողությունից, և այլն։ Այդ իսկ պատճառով կա կազմակերպչական աշխատանք։ Եվ մենք այս օրերին այս 2 թռիչքը կազմակերպելիս ամենօրյա կապի մեջ ենք եղել ՀՀ առողջապահության նախարարության հետ, որովհետև իրենց նախապես ցուցակներ ենք տրամադրել մինչև ինքնաթիռի Երևան իջնելը, թե ովքեր են մեկնողները, որ թվականի ծնվածներ են: Այսինքն՝ այս թռիչքը լրացուցիչ աշխատանք է պահանջում մեր և ԱՆ-ի կողմից, որովհետև իրենք պետք է տեղյակ լինեն, թե ովքեր են ժամանում։ Այս հարցերը կան, մենք իմացել ենք դրանց մասին, բնականաբար, դրանք արագ կազմակերպել հնարավոր չէ, իսկ թռիչքների քանակի մասին Քաղավիացիայի վարչությունն ավելի շատ տեղեկություններ պետք է ունենա»,- ասաց Տողանյանը։

«Եթե կա դրսում մնացած ՀՀ որևէ քաղաքացի, ուրեմն մեզ չի դիմել, կամ մենք չգիտենք այդ մասին»

Ամփոփելով իր խոսքը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը վստահեցրեց, որ դրսում մնացած որևէ քաղաքացի չկա։ «Եթե կա, ուրեմն կա՛մ մեզ չեն դիմել, կա՛մ մենք չգիտենք, մեզ չի հասել տեղեկություն։ Եթե կան մարդիկ, ովքեր դուրսն են մնացել, անօթևան են, անհրաժեշտ է մեր հետ կապ հաստատել»,- ասաց Տողանյանը։

Տեսանյութեր

Լրահոս