«ՀՀ իշխանությունները մինչև հիմա գաղտնի են պահում այդ արտադրամասի սեփականատիրոջը, մեղավորներին». Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը չի հավատում, թե արտակարգ դրության ավարտից հետո իշխանությունները կոչնչացնեն քաղաքացիների հեռախոսազանգերի և կարճ հաղորդագրությունների ֆիքսված տվյալները.
«Եղել են ՀԿ-ներ, անհատներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ, որոնք բջջային օպերատորներից հարցում են կատարել, թե արդյո՞ք հնարավոր է կոնկրետ տեղորոշել անձի գտնվելու վայրը, եթե անձը, օրինակ՝ ապրում է բազմահարկ շենքում, այնտեղից հայտարարել են, որ դա հնարավոր չէ։ Այստեղից հետևություն՝ ես չեմ կարծում, որ գործող իշխանություններն այս մասին տեղյակ չէին, և սա մարդկանց անձնական կյանքին, անձնական տեղեկություններին արտակարգ իրավիճակի քողի տակ ծանոթանալու կամ միջամտելու փորձ է, որը հետագայում՝ արտակարգ իրավիճակի ավարտից հետո, նույն իշխանությունները, չնայած այն հանգամանքին, որ խոստացել են, որ պետք է ոչնչացնեն, ես չեմ հավատում։ Գտնում եմ, որ նրանք այդ տեղեկությունները վաղը-մյուս օրը կօգտագործեն իրենց քաղաքական քայլերի և գործընթացների ժամանակ՝ համապատասխան մարդկանց նկատմամբ ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար»։
Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ անընդհատ քննադատում է գործող իշխանությունների քայլերը, բայց արդյո՞ք կորոնավիրուսով պայմանավորված՝ նրանց գործողություններն արդարացված չեն։
«Արդարացված միակ բանը խստացումներն էին, բայց էլի եմ կրկնում, դրանք շատ ուշ են արվել։ Ժամանակին եթե դրանք արվեին, երբ մեր հարևան Իրանում և Վրաստանում՝ պաշտոնապես, իսկ Ադրբեջանում՝ ոչ պաշտոնապես, կորոնավիրուսն արդեն տարածվել էր, և պարոն Փաշինյանը, երբ Սյունիքում և Լոռու մարզում ակտիվ քարոզչությամբ էր զբաղված, այդ ժամանակ, երբ արվեին այդ խստացումները, մենք ավելի քիչ հիվանդ, ավելի քիչ մահացության դեպքեր կունենայինք, տնտեսությունն ու հասարակությունն այսքան սթրեսային վիճակի մեջ չէին հայտնվի, և ավելի հեշտ կանցնեինք այս գործընթացը, ինչպես անցնում են վրացիները՝ ավելի քիչ կորուստներով։ Այն, որ այս խստացումները պետք էին, այո, ՀՀ իշխանությունները շատ ճիշտ են վարվում, բայց այս ամենը պետք է արվեր ոչ թե երկու շաբաթ առաջ, այլ հենց մարտի սկզբից»,- ի պատասխան՝ ասաց Գագիկ Համբարյանը՝ ընդգծելով, որ հենց սկզբից իշխանությունները շատ անլուրջ էին վերաբերվում կորոնավիրուսին։
Դիտարկմանը՝ Վրաստանի վերաբերյալ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ երջանիկ պատահականություն է, և, որ, օրինակ՝ այնտեղ 500-հոգանոց արտադրամասում չի եղել տարածում, նա այսպես արձագանքեց.
«Երջանիկ պատահականությամբ իրենք եկան իշխանության, երջանիկ պատահականությամբ Արսեն Թորոսյանը դարձավ նախարար։ Նա հենց սկզբից ասում էր, որ կորոնավիրուսը լուրջ հիվանդություն չէ, և հատուկ միջոցառումների կարիք չկա, բայց հետո տեսանք, որ լավ էլ լուրջ է, և մարդիկ են մահանում։
Երբ ժամանակին ՀՀ իշխանությունները շատ արագ դադարեցնեին խնդրահարույց երկրների հետ ավիահաղորդակցությունը, մենք էլ այդ խնդիրը չէինք ունենա։ Ինչ վերաբերում է արտադրամասում գրանցված դեպքին, ապա ՀՀ իշխանությունները մինչև հիմա գաղտնի են պահում այդ արտադրամասի սեփականատիրոջը, գաղտնի են պահում մեղավորներին, թե ով է այդ հիվանդին բերել այդ արտադրամաս և թույլ տվել, որ շփվի այդպիսի քանակությամբ մարդկանց հետ։
ՀՀ իշխանությունները, հենց նույն պարոն Փաշինյանն Էջմիածնում տեղի ունեցած նշանդրեքի հերոսուհուն դարձրեց քավության նոխազ և հրահրեց նրա դեմ իր կողմնակիցներից շատերին, ինչը չէր կարելի անել։ Ամեն դեպքում, ՀՀ իշխանությունները վրիպել են գործողությունների և ժամանակի առումով, բայց այն, ինչ հիմա տեղի է ունենում, ողջունում եմ, որովհետև այլ տարբերակ մեր իշխանությունները չունեին»։