Բաժիններ՝

«Քննարկում ենք թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը. նախնական պլանավորվում է 100 հազար թեստերի արտադրություն». Ավինյան

Թեստավորման դեպքերի քանակն օրեցօր ավելանում է, միայն վերջին օրը 400 թեստավորումից 50-ն է հաստատվել: Այսինքն` հրապարակվում է և’ թեստավորվողների քանակը, և’ հաստատված դեպքերի:

Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` վստահեցնելով, որ առավելագույն թափանցիկ են աշխատում և հայտնում ճշգրիտ տվյալներ:

Նա նշեց, որ ունենք վարակի տարածման տարբեր աղբյուրներ,  որոնք ընդգրկում են Երևանը և 8 մարզ:

Ավինյանը հիշեցրեց, որ 5 օր առաջ փակվեցին Արցախ տանող երեք ճանապարհները, և թույլ է տրվում վերադառնալ միայն Արցախի գրանցում ունեցողներին, ինչպես նաև` որոշ դիտորդների և լրագրողների` Արցախի ընտրություններին մասնակցելու համար:

«Պետք է հասկանալ, որ Արցախի ընտրությունները կարևորագույն և կենսական նշանակություն ունեցող միջոցառում էր, որը կապված էր նաև ազգային անվտանգության հարցերի հետ: Եվ համոզված լինելով, որ այդ պահի դրությամբ չունենք գրանցված դեպքեր, 5 օր առաջ սահմանափակել էինք մուտքը Արցախ»,-նշեց նա:

Իսկ թե որքանով է նպատակահարմար բոլորին թեստավորելը, Ավինյանը նշեց` թեստավորման ավելացումը գերակա խնդիր է, որի ուղղությամբ  աշխատանքներ են տարվում:

«Ապրիլի 6-ից ինքնաթիռ ենք ուղարկելու, որով տարատեսակ և տարաբնույթ սարքավորումների և մեզ անհրաժեշտ պարագաների թվում նաև 60.000 թեստ է բերվելու: Ուզում եմ տեղեկացնել նաև, որ մենք մեր գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը: Հումքի ապահովման առումով մենք նույնպես նրանց կաջակցենք: Նաև այս փուլում փորձում ենք հասկանալ` որքանով կարող ենք հատուկ սարքավորումներ ներմուծել, որոնք թեստերն ավտոմատացված ռեժիմով կիրականացնեն:  Այս պահին նախնական պլանավորվում է 100 հազար թեստերի արտադրություն, եթե բոլոր պայմանները կարողանանք ապահովել»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին՝ եթե արտակարգ դրության ժամանակ հնարավորություն կա կոմունալ վճարումներ չկատարելու, ապա հետագայում այդ վճարումներն ինչպես են բաշխվելու, Ավինյանը նշեց, որ համոզված է՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀԷՑ»-ի, «Գազպրոմ Արմենիա»-ի եւ «Վեոլիա Ջրի» հետ քննարկումներ է ունեցել:

«Կարծում եմ՝ ինչ-որ բանաձեւով լուծումներ կտրվեն եւ պետք է սպասենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկումների արդյունքին: Գիտակցում ենք, որ արտակարգ դրության ընթացքը շատ քաղաքացիները համար ֆորսմաժորային իրավիճակ է, և եթե մենք սահմանափակել ենք նրանց տեղաշարժը, ապա նրանք կդժվարանան կոմունալ վճարումներն իրականացնել»,- շեշտեց Ավինյանը` հիշեցնելով միաժամանակ, որ բոլոր էլեկտրոնային հարթակները գործարկել են եւ բոլորին կոչ արեց, որ հնարավորության դեպքում օգտվեն էլեկտրոնային հարթակներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս