«Դուք` որպես պարետ, երաշխավորում եք, որ այդ նախագիծն ընդունվելու դեպքում վարակակիրների թիվն էականորեն նվազելու էր»
ՀՀ պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրած ասուլիսի ժամանակ պատասխանել է 168.am-ի հարցին:
– ԱԺ-ում տապալվեց հեռախոսազանգերը և հաղորդագրությունները ֆիքսելու վերաբերյալ կառավարության նախագիծը, արդյոք Դուք` որպես պարետ, երաշխավորում եք, որ այդ նախագիծն ընդունվելու դեպքում վարակակիրների թիվն էականորեն նվազելու էր, ըստ այդմ` հիմա ինչ վիճակ ենք ունենալու դրա չընդունման դեպքում, թեպետ ամեն օր որոշակի խստացումների դեպքում էլ վարակվածների թիվն ավելանում է, այդ թվում` կան մասնավոր դեպքեր:
– Շատ կարևոր արձանագրում է արված հարցի վերջում: Իրականում սահմանափակումները, որոնք կապված են տեղաշարժի հետ, գործունեության, միջանձնային շփումների, իրենք, այսպես ասած, անսահման չափով և անժամկետ չեն կարող իրականացվել, և բոլորս դա հասկանում ենք: Եվ մեր նպատակը միմիայն այն է, որ կարողանանք էֆեկտիվ և արագորեն կանխորոշել և կանխարգելել հիվանդության տարածումը` հայտնաբերելով այն անձանց, ովքեր ունեցել ենք վարակակրի հետ շփում: Կոնկրետ օրինակ բերեմ. ենթադրենք ես վարակակիր եմ, արդեն իսկ ավտոմատացված համակարգը ԱԻՆ-ի աշխատակցին, որը նստում է կառավարության շենքի 5-րդ հարկում ավտոմատացված ձևով այս ինֆորմացիան ֆիլտրելով, մարդու եղած վայրերի և ունեցած հեռախոսազանգերի համադրությամբ, տալու է ամենահավանական անձանց շրջանակը, որոնք որ ունեցել են ինձ հետ շփում:
ԱԻՆ-ի աշխատակիցն ըստ հերթականության զանգելու է այդ անձանց և հարցնելու է` արդյոք դուք ունեցել եք Տիգրան Ավինյանի հետ շփում: Եվ առաջին հերթին հենց այդ մարդու առողջության ապահովման և իրեն տեղեկացնելու համար է արված: Մենք հիմա արտառոց իրավիճակում ենք գտնվում, սա ստանդարտ իրավիճակ չէ, բայց միակ նպատակն այն է, որ արագորեն և էֆեկտիվորեն կարողանանք այդ անձանց տեղեկացնենք, տեղորոշենք և խնդրենք, որ ինքնամեկուսանան, որովհետև իրենց տեղեկացված և Համաճարակների վերահսկման և կանխարգելման կենտրոնում գրանցված չլինելը վարակի պոտենցիալ տարածման աղբյուր է:
Երբ որ մարդը տեղեկացվում է, որ շփվել է Տիգրան Ավինյանի հետ և վարակակիր է եղել, ինքն ավտոմատ կերպով զգոնանում է, քանի որ 99.9 տոկոս դեպքերում մարդիկ գիտակից են և հասկանում են: Լսել եմ բոլոր քննարկումները, որոնք ԱԺ-ում տեղի են ունեցել, և ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել` մեզ չի հետաքրքրում բովանդակությունը խոսակցությունների, դրանց տևողությունը, մեզ պետք է այս երկու տվյալների` մարդու տեղադիրքի և հեռախոսազանգերի տվյալների համադրումից ստանալ ամենահավանական անձանց շրջանակը, ովքեր որ շփում են ունեցել վարակակրի հետ: Սա է միակ նպատակը:
Եվ, այո, մենք կարծում ենք, որ միմիայն նմանատիպ մեթոդներով և բարելավելով այս տեխնոլոգիական լուծումները կկարողանանք անցում կատարել տոտալ տեղաշարժի սահմանափակումներից: