Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին դատական պրոցեսներում տեսնելը չի կարող հաճույք պատճառել ո՛չ ինձ, ո՛չ Արցախի, ո՛չ ՀՀ քաղաքացիներին. այդ առաջնորդները ղեկավարել են ազգային-ազատագրական պայքարը. Բակո Սահակյան

Tert.am. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին դատական պրոցեսներում տեսնելը, բնականաբար, չի կարող հաճույք պատճառել ո՛չ ինձ, ո՛չ Արցախի քաղաքացիներին, և ավելի քան համոզված եմ, որ ՀՀ քաղաքացիներին ևս, և, ընդհանրապես, հայ ժողովրդին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:

«Մենք խոսում ենք առաջնորդների մասին, որոնք ժամանակին ղեկավարել են ազգային-ազատագրական պայքարը և սկզբնական շրջանում նաև կազմակերպել են զինված դիմադրությունը: Հետագայում նրանք իրենց մասնակցությունն են բերել բանակաշինության գործին, մասնակցություն են ունեցել մեր հայրենիքի բարօրության ապհովմանը: Պարզ է, որ չի կարող նրանց ներկայիս վիճակը չառաջացնել այդ, այսպես ասած, ոչ հասարակ տրամադրությունները մեր ժողովրդի մոտ»,-պարզաբանեց ԱՀ նախագահը:

Դիտարկմանը, թե այդ երկու նախագահների օրոք «Մարտի 1» է տեղի ունեցել, 10 հոգի սպանվել է, իսկ սպանությունենրի պատասխանատուներին տարիներ շարունակ չեն գտել, Սահակյանն արձագանքեց. «Եթե դուք նկատել եք, այս ամբողջ ընթացքում մենք ցուցաբերել ենք այդ զգաստությունը և զսպվածությունը, և մեր խոսքը կառուցելիս, մեր մեկնաբանությունները տալիս մենք իրավական գնահատականներ չենք տվել: Եվ լինի դա մեր միջնորդությունը, դատարանում լինեն իմ, մեր կողմից նախաձեռնված այլ գործողություններ, միայնումիայն նպատակ են հետապնդում իմ կողմից նշված իրողությունները հաշվի առնել, որ մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնց մասնակցությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ դժվար է չգնահատել»,-ասաց Սահակյանը:

Դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Արցախի ներքաղաքական պրոցեսներին չեն խառնվելու, ԱՀ իշխանություններն էլ իրենց հերթին տաբեր առիթներով հայտարարել են, որ չեն միջամտելու հայաստանյան ներքաղաքական պրոցեսներին, և Սահակյանի կողմից Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությամբ հանդես գալը չի՞ դիտվում հայաստանյան ներքաղաքական պրոցեսներին միջամտություն, Բակո Սահակյանն արձագանքեց.

«Ես բացառում եմ և դեմ եմ այդպիսի մեկնաբանություններին: Վերջին հաշվով մենք խոսում ենք մեկ հայրենիքի մասին, և այդ զարգացումները տեղի են ունենում մեկ հայրենիքի շրջանակներում: Մենք ապրում ենք մեկ հայրենքիում երկու պետությամբ, և ես չեմ գտնում, որ նման միջնորդությունները խախտում են այդ կարգերն ու կանոնները: Ճիշտ հակառակն եմ մտածում, և, ինչպես նախկինում, ապագայում էլ առաջնորդվելու եմ այդ մտածելակերպով և ես չեմ կարծում, որ սրանով մենք լրացուցիչ լարվածություն ենք սերմանում կամ լրացուցիչ դժվարություններ ենք ստեղծում»:

Հարցին՝ եթե օրինակ Սերժ Սարգսյանի համար միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտություն լինի, կգա՞ ՀՀ, Սահակյանն արձագանքեց, որ եթե անհրաժեշտությունը լինի, բնականաբար կներկայացնի միջնորդություն:

Արցախի նախագահը նշեց նաև, որ այսօր կա դատական գործընթաց, որին իրենք պարտավոր են ցուցաբերել անհրաժեշտ վերաբերմունք և հարգել նաև դատական գործընթացի շրջանակներում տեղի ունեցող զարգացումները: «Ես նպատակ ունեմ  մնալ Արցախում և իմ հնարավորությունների շրջանակում օգտակար լինել մեր ժողովրդին և մեր հայրենիքին»,- ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Սահակյանին մեղադրում են կորոնավիրուսով պայմանավորված՝ ԱՀ նախագահի և ԱԺ ընտրությունները չհետաձգելու մեջ, ԱՀ նախագահն ասաց, թե բացառվում է, որ իրենք դիմեն այնպիսի որոշումների և գործողությունների, որոնց հետևանքով կվտանգվի Արցախի քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը:

«Մենք անցկացրել ենք բազմաթիվ քննարկումներ և եկել ենք տրամաբանական որոշմանը, որը ունենք բոլոր նախադրյալները Սահմանադրության պահանջներին համապատասխան ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու»,-ասաց նա՝ ընդգծելով, թե այս պահին դրությամբ Արցախում չի գրանցվել կորոնավիրուսով վարակման դեպք:

Հարցին՝ հանուն ինչպիսի՞ Արցախի է քվեարկել, Սահակյանը պատասխանեց, թե ինքն այս համապետական ընտրութուններն ընկալում է  որպես իրադարձություն: «Այս երկար տարիների ընթացքում բոլոր ընտրությունները նպաստել են մեր երկրի անվտանգության աստիճանն էլ ավելի բարձրացնելուն, տնտեսությունը զարգացնելուն, կյանքի շարունակությանը էլ ավելի հաստատակամություն հաղորդելուն: Արցախի պատկանելիության յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն չի պատկանում միայն արցախցուն, այն հավասարաչափ պատկանում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցներին, և այս երկար տարիների ընթացքում մենք զբաղված չենք եղել միայն արցախցիների ֆիզիկական անվտանգության ապահովմամբ, զբաղված չենք եղել միայն Արցախի քաղաքացիների բարեկոցության աստիճանը բարձրացնելով»,-ասաց Սահակյանը՝ նշելով, թե իրենք գիտակցել են, որ իրականացնում են հատուկ առաքելություն, այն է՝ հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս