«Վարույթները շարունակվելու են, վերահսկողությունը ավելացվելու է, ուստի դրանց քանակը կարող է աճել». Ավինյանը` տեղաշարժի սահմանափակման մասին
Եթե մարդիկ հույս ունեն, որ վարչական ակտերի գումարները չեն գանձվելու, ես նման բան չեմ կարող ասել, որովհետև իրականացվելու են վարչական վարույթներ և ամեն դեպքով կայացվելու է անհատական որոշում։ Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե արտակարգ դրության ընթացքում սահմանված սահմանափակումները խախտողների տուգանքի գումարներն այժմ գանձվելո՞ւ են, թե՞ հետաձգվելուն են այս փուլում։
Նա շեշտեց, որ վարույթներն ու վարչական տուգանքներն ինքնանպատակ չեն, ուստի բոլոր հնարավոր միջոցներով, կոչերով, օրենսդրական փոփոխություններով և մեխանիզմներով շարունակելու են միջոցառումներ իրականացնել` սահմանափակելու մարդկանց տեղաշարժը։
Ըստ պարետի` այս փուլում շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները իրապես գիտակցեն, որ կենսական նշանակություն չունեցող իրենց տեղաշարժերը պետք է չեղարկեն:
Այս վարույթները շարունակվելու են, իրականացվելու են ոստիկանության կողմից և վերահսկողությունը նույնպես ավելացվելու է։ Դա նշանակում է, որ այս վարույթների քանակը կարող է աճել»,- ասաց նա։
Հարցին, թե տուգանքներից գանձվող գումարներն ի՞նչ նպատակի են ուղղվելու, Տիգրան Ավինյանը պատասխանեց․
«Ընդհանուր տրամաբանություն է գործում բոլոր տիպի նմանատիպ հավաքագրումներից, դրանք մուտքագրվում են բյուջե։ Ինչ վերաբերում է առողջապահական համակարգի կարիքները սպասարկելուն՝ առանձնացված գումարը կա, և այդ ուղղությամբ արդեն իսկ մենք բոլոր պաշարները նախատեսել ենք»։