«Նախագծի ընդունումը թույլ էր տալու արդյունավետ, ավտոմատացված կերպով արագ հայտնաբերել վարակակիրների հետ շփված անձանց շրջանակը». Ավինյան
Ֆեյսբուքի իր էջում` ուղիղ եթերում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները:
Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նախքան այս առումով մանրամասներին անդրադառնալը, նշեց, որ այս պահի դրությամբ ունենք 532 հաստատված դեպք, 30` առողջացած, 3` մահվան ելքով դեպք, և որ փետրվարի 3-ից մինչ օրս օգտագործված թեստերից 2533-ը տվել են բացասական արդյունք:
Ըստ նրա` մարտի կեսերից արդեն ունեցել ենք կորոնավիրուսի լոկալ տարածում, այսինքն` այն դարձել է կլաստերային` արտերկրից չեն բերվել: Ըստ այդմ` ունենք Երևանում և 8 մարզում տարածվածություն:
Բոլոր գործողությունները, որոնք մենք նախատեսում ենք, ունեն հիմնականում գիտական հենք: Այն հայտնի կորերը վարակի տարածման ինտենսիվության բոլորս տեսել ենք: Եվ եթե կառավարությունը որևէ տիպի քայլ, սահմանափակում չձեռնարկեր և վարակի տարածման ինտենսիվությունը համարեինք 2/4 գործակցով ու միջին ինկուբացիոն շրջանը ընդունեինք հինգ ամբողջ 6 օր, մարտի մեկից հետո 75-80 օրվա ընթացքում ՀՀ բնակչության մոտավորապես 89 տոկոսը կլիներ վարակված: Իսկ միայն Երևանում կունենայինք 8 200 ծանր հոսպիտալացված դեպքեր: Կրկնում եմ` սա եթե որևէ սահմանափակում չիրականացնեինք»,- շեշտեց Ավինյանը` հիշեցնելով, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողով է գործել դեռևս հունվարի 30-ից, որի շրջանակում փուլային սահմանափակումներ են մտցվել:
Ինչ վերաբերում է հետագա սահմանափակումներին, պարետ Ավինյանը նշեց, որ նպատակը դրանց վարակի տարածման ինտենսիվությունը նվազեցնելն է:
«Եվ սա այնքանով, որ այդ թիվը լինի մեկից քիչ, այսինքն` երբ մեկ վարակակիրը կվարակի մեկից քիչ անձի: Այս ուղղությամբ ունենք 2 հիմնական բլոկ. առաջինը «Համաճարակների վեփրահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» գործառույթն է, որն առաջին իսկ օրից շղթաներն է վարակի հայտնաբերել, այն անձանց շրջանակը, որոնք ունեցել են կոնտակտ վարակակրի հետ եւ նրանց մեկուսացրել է, երկրորդբլոկը վերաբերում է արդեն գործունեության տեսակների սահմանափակումներին, նաեւ մարդկանց տեղաշարժի սահմանափակումներին: Այս երկու բլոկի միասնական ներգործությունը այս փուլում տալու է դրական արդյունք»,-ասաց պարետը:
Այս համատեքստում փոխվարչապետը հավելեց, որ ԱԺ-ում քննարկված նախագծի ընդունումը թույլ էր տալու արդյունավետ` ավտոմատացված կերպով արագ հայտնաբերել վարակակիրների հետ շփված անձանց շրջանակը:
«Մեր նպատակն է այս կանխարգելման և մեկուսացման աշխատանքներն այնքան արդյունավետ դարձնել, որ սահմանափակումներից մենք քիչ-քիչ և փուլ-փուլ հրաժարվենք»,-ընդգծեց Ավինյանը` պնդելով, որ եւս 10 օրով սահմանափակումները երկարաձգելը թույլ է տալու ամբողջովին ծավալել այդ աշխատանքները, այսինքն` էֆեկտիվ հայտնաբերել վարակիրներին և մեկուսացնել:
Պարետը վստահեցրեց` կրակի օրը մարդկանց տեղաշարժի նվազեցման բացառիկ ցուցանիշ ենք ունեցել: Միաժամանակ, նա չբացառեց մարտավարության փոփոխությունը, սահմանափակումների խստացումները և վերահսկողության արդյունավետության բարձրացումը: