«Նախագիծն այսօր ԱԺ-ն չընդունեց, բայց այժմ փնտրվում է եղանակ՝ այն նորից ԱԺ ներկայացնելու համար» Փաշինանը՝ հեռախոսազանգերը ֆիքսելու վերաբերյալ նախագծի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեսյբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ հայտարարված 7-օրյա կարանտինի խիստ ռեժիմը ևս 10 օրով երկարաձգվում է և հավելեց, որ բոլորը իրավիճակին պետք է լուրջ վերաբերեն, իսկ իրավիճակն ավելի կառավարելի դարձնելու համար Կառավարությունը ԱԺ-ին ներկայացրել էր նախագիծ և առաջարկել լրացումներ ու փոփոխություններ կատարել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում, որով նախատեսվում էր ստեղծել միասնական հարթակ և հավաքել անձանց հեռախոսազանգերի վերաբերյալ տվյալներ՝ կորոնավիրուսով վարակված անձի շփման հանարավոր շրջանակն արագ հայտնաբերելու համար:
«Ցավոք, այս նախագիծն այսօր ԱԺ-ն չընդունեց, բայց այժմ փնտրվում է եղանակ՝ տվյալ նախագիծը նորից ԱԺ ներկայացնելու համար: Դրա իմաստը հետևյալն էր, տեսեք, թե հիմա մենք ինչ ենք անում, երբ քաղաքացու մոտ արձանագրվում է կորոնավիրուսի դրական դեպք, մենք փորձում ենք հասկանալ, թե նա որտեղի՞ց է վարակվել կամ վարակված անձն ո՞ւմ հետ է շփվել և այս երկու կատեգորիաների մարդկանց մեկուսացնում ենք հետագայում վիրուսի տարածումը կանխելու համար:
Հիմա մենք ունենք իրավիճակներ, երբ այդքան էլ վստահ չենք, թե քաղաքացին ումից է վարակվել և ում հետ է շփվել:
Սա հաշվի առնելով և ուսումնասիրելով միջազգային փորձը, եկել ենք այն եզրակացության, որ մարդիկ բոլորն էլ ունեն բջջային հեռախոսներ, համակարգիչն ավելի արագ ցույց կտա, թե մարդը վերջին շրջանում ում հետ է շփվել և ովքեր են այն պոտենցիալ վարակվածների շրջանակը, որոնք կարող են վարակվելու մասին տեղյակ չլինեն»,- նշեց վարչապետ Փաշինյանը:
Ըստ վարչապետի, հասկանալի է, որ դա հաճելի չէ և այդ քայլին հաճույքով չեն գնում, ավելին, նրա խոսքով՝ մեծագույն տհաճությամբ են անում, սակայն հասկանում են, որ նման միջոցառումները չկիրառելու դեպքում հետագայում իրավիճակը կարող է դառնալ ավելի անկանխատեսելի:
Նա նաև ընդգծեց, որ այս իրավիճակը տհաճ է բոլորի, այդ թվում՝ Կառավարության և անձամբ իր համար, քանի որ առաջանում են անկանխատեսելի բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման պատասխանատուն իրենք են:
«Մենք պետք է մտածենք, թե տնտեսական, սոցիալական հարցերն ինչպես ենք լուծելու, հուսամ, որ բոլորս ենք արձանագրում, որ այն սահմանափակումները, որոնք կիրառվում են, դրանք ո՛չ Կառավարության, ո՛չ էլ բարձաստիճայն պաշտոնյաների համար չեն, այլ առաջին հերթին քաղաքացիների անվտանգության համար է, ուստի խնդրում եմ այս իրավիճակին ըմբռնումով մոտենալ: Չեմ կարող ասել, որ այս առումով ամեն ինչ իդեալական է, բայց միևնույն ժամանակ աշխարհում չեք գտնի որևէ երկիր, որտեղ ամեն ինչ իդեալական լինի, օրինակ, դիմակների դեֆիցիտ, առողջապահական համակարգի աշխատանքի ծանրաբեռնվածություն և այլն, չկա մի երկիր, որտեղ այդ խնդիրները չունենան»,- հավելեց նա:
Նիկոլ Փաշինյանը բնակչությանը մեկ անգամ ևս կոչ արեց մնալ տանը, պահպանել առողջությունը և չմատնվել խուճապի, ավելին՝ շատ հանգիստ էլ չպետք է վերաբերել և որքան շատ կարգապահություն պահպանեն, այնքան շուտ դուրս կգան ստեղծված իրավիճակից:
Նա նաև շեշտեց, որ այսօր կորոնավիրուսով վարակվածների թիվը շատանում է, քանի որ հայտարարված սահմանափակումները մարդիկ ճիշտ չեն պահպանում: