
Հարուցվել է քրեական գործ Մալաթիայի ոստիկանների կողմից ենթադրյալ բռնություն գործադրելու դեպքով

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում ֆիքսվել են Մալաթիայում քաղաքացի Տիգրան Կարապետյանի նկատմամբ ոստիկանության գործողություններում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, որոնք ուղարկվել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Նշված քաղաքացուց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով կասկածյալ Կարապետյանից էր հաղորդում ստացվել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություններ կատարելու վերաբերյալ, որը նույն գրությամբ ուղարկվել էր նաև ՀՀ ՀՔԾ:
Նույն դեպքի առնչությամբ Տ. Կարապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև ՀՀ ՀՔԾ-ին:
Դրանց հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ:
Քրեական գործի շրջանակում կձեռնարկվեն բոլոր միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու դեպքի իրական և ամբողջական հանգամանքները»,- գրել է Աբրահամյանը։