«Եթե մեր իշխանությունը վերահսկողություն մտցնելու խնդիր ունենար, ապա դա շատ շուտվանից արած կլիներ»․ Տաթևիկ Հայրապետյան
«Պարոն Գորգիսյան, եթե այս կառավարությունը կամ մեր իշխանությունը վերահսկողություն մտցնելու խնդիր ունենար, ապա դա շատ շուտվանից արած կլիներ։ Սա այն իշխանությունն է, որն ապահովում է քաղաքացիների լիակատար ազատությունները»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ Գևորգ Գորգիսյանն ասել էր․ «Սա կյանքեր փրկելու անվան տակ ընդամենը լուրջ վերահսկողություններ մտցնելու գործիք է դառնալու»։
Տաթևիկ Հայրապետյանն ընդգծեց․ «Հարգելիներս, մենք գործում ենք արտակարգ ռեժիմի շրջանակներում։ Մենք բախվել ենք մի իրավիճակի հետ, որը համաշխարհային ճգնաժամի է բերում։ Այն բոլոր օրենքները, որոնց մենք սովոր ենք և որոնցով ապրում ենք իրական կյանքում, այստեղ պետք է նահանջ ապրեն»։
Ներկայացված օրինագիծը, ըստ նրա՝ ժամանակ շահելու մասին է։ Նրա դիտարկմամբ՝ եթե նախկինում կառավարությանը երկու օր պետք կլիներ բացահայտելու և զգուշացնելու այն քաղաքացիներին, որոնք շփվել են վարակակրի հետ՝ ինքնամեկուսանալ, ապա օրենքի կիրառումից հետո դա կարվի 15 րոպեում։
«Այո, դա կփրկի կյանքեր, կկանխի վարակի տարածումը, և այո, մենք գտնվելով նաև անվտանգային հարցերում որոշակի սահմանափակումների մեջ՝ պետք է ձեռնարկենք միջոցներ մեր քաղաքացիների կյանքը և առողջությունը փրկելու համար»: