«Հարգելի քաղաքացիներ, սա կյանքեր փրկելու անվան տակ ընդամենը լուրջ վերահսկողություններ մտցնելու գործիք է դառնալու»․ Գևորգ Գորգիսյան

«Բերված նախագիծը որևէ կերպ չի երաշխավորում, որ մենք կյանքեր ենք փրկելու։ Հեռախոսի միջոցով մարդու շփման շրջանակը մեզ չի տալու այն մարդկանց ցուցակը, ում հետ ֆիզիկապես մարդը շփվել է»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նա նկատեց՝ կառավարությունը, փաստորեն, ասում է, որ չունի բավարար միջոցներ, որպեսզի մեծ տվյալների հետ աշխատանքը կազմակերպի, որպեսզի կարողանա մարդու ֆիզիկապես գտնվելու վայրը համեմատի մյուս միլիոն քաղաքացիների գտնվելու վայրի հետ, գտնի համընկնումներ, ինչպես անում են տարբեր սոցիական կայքեր, փոխարենը հետևում է՝ ով ում զանգեց, հետո տեսնի՝ նույն տեղում եղել են, թե ոչ․

«Սա շատ վատ ֆիլտր է պարոն նախարար։ Ձեր բերած նախագիծը համաչափ լուծում չէ ստեղծված խնդրին։ Ունենալով նման օրենսդրություն, կառավարությունը կարող է այսուհետ դիմել օրինակ՝ Facebook, Viber, Whats App և այլ նմանատիպ ընկերություններին՝ հղում անելով ներքին օրենսդրության վրա և ստանալով նաև այնտեղից համապատասխան տվյալները՝ ում եք զանգել, երբ եք զանգել։

Օրինակ, Facebook-ը դա տրամադրում է բոլոր պետություններին, ովքեր դիմում են և ովքեր ունեն ներքին օրենսդրություն դա ապահովելու համար։ Այնպես որ, հարգելի քաղաքացիներ, սա կյանքեր փրկելու անվան տակ ընդամենը լուրջ վերահսկողություններ մտցնելու գործիք է դառնալու»։

Տեսանյութեր

Լրահոս