Ինչո՞վ է օգնում պատգամավորին «Անառակի զավակներ» օպերացիայի հերոսը. Yerkir.am

Yerkir.am-ն անդրադարձել էր Հրաչյա Հարությունյան անվամբ օգտատիրոջ՝ կառավարության թերացումների մասին բարձրաձայնողների հասցեին արված հայհոյախառն գրառմանը և հանրության բուռն արձագանքին։ Հրաչյա Հարությունյանն աշխատում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում (ենթադրելի է՝ խոսքը անդամության մասին է), ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովում աշխատում է որպես պատգամավորի օգնական:

Վերջինիս անունը նաև 2019 թ.ավարտին պարգևատրվածների ցանկում էր։

Պարզելով, որ «հայհոյանքների դարբին» Հրաչյա Հարությունյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Քրիստինե Պողոսյանի օգնականն է, Yerkir.am-ն այսօր ԱԺ-ում փորձեց այդ առիթով մեկնաբանություն ստանալ պատգամավորից։ Վերջինս սկզբից պատճառաբանեց, թե քվեարկության է, իսկ քվեարկության ավարտին էլ՝ «Ձեզ հարցազրույց չեմ տա, քանի որ գիտեմ, թե ինչ հարցեր եք տալու» և արագ հեռացավ։

Պարզորոշ է՝ պատգամավորը ոչ միայն չցանկացավ դատապարտել իր օգնականի այլանդակ բառապաշարը, այլև փորձեց դիմել «աղբը ձյունով ծածկելու» ծիծաղելի մեթոդին և խուսափեց մեր թղթակցի հարցերից։

Ասյպիսով՝ քանի դեռ ԱԺ իշխանական խմբակցության կողմից հրապարակավ չի դատապարտվել սեփական խմբակցության պատգամավորի օգնականի՝ իշխանական պաշտոնյաների կողմից սիրված «ձյաձի» (ստորև և կից նյութերում տե՛ս իշխանական պաշտոնյաների ջերմ արձագանքները «ձյաձի» մասին), անպատասխանատու և անբարո հայտարարությունը, և այդ ամենը մեկնաբանելու քաջություն չի դրսևորում նաև ինքը՝ Քրիստինե Պոսղոսյանը, ավելին, Հրաչյա Հարությունյան անվամբ արարածը հանրային բյուջեով կրկին շարունակում է իր «աշխատանքը» Ազգային ժողովում, ապա կարելի է ենթադրել, որ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցությունն ավելի քան համակարծիք է Հրաչյա Հարությունյանի գրառման բովանդակության հետ, այսինքն՝ «Իմ քայլը» կարծում է, որ «իշխանություններին քննադատողներն անառակի զավակներ են»։

Հին ժողովրդական խոսք կա՝ «Այդ պատին այդ ծեփն է սազական»։ Ըստ այդմ՝ իշխանությունների շրջանակներում այն նույն փողոցային բարքերն են, ինչ հայհոյանք, անառակություն, անբարոյականություն քարոզող և սերունդների միտքն ու հոգին ապականող՝ իշխանությունների սիրելի ոմն «ձյաձի» դիմատետրում, գլխում և մտքում։

Այսքանից հետո՝ համոզված ենք, որ, վայելելով «Իմ քայլը» խմբակցության, այդ թվում՝ Քրիստինե Պողոսյանի, ջերմությունն ու երախտագիտությունը, «հայհոյանքների դարբինը» շուտով կրկին ակտիվացնելու է իր էջը և կրկին գործի է դնելու իր այլանդակ բառապաշարը, ավելին՝ պետական բյուջեից մի ճոխ պարգևատրվելու է՝ հանրության մի ստվար հատվածի «անառակի զավակ» կոչելու «հերոսական» քայլի համար։

Վ. Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031