Եթե հղի կնոջ ամուսինն ազատվել է աշխատանքից, պետությունը կնոջը 100.000 դրամ միանվագ օգնություն կհատկացնի
Այն հղի կանայք, որոնց ամուսինները մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում ազատվել են աշխատանքից, իսկ իրենք էլ աշխատանք չունեն, կստանան միանվագ աջակցություն՝ 100 հազար դրամի չափով:
Այս որոշման նախագիծը ներկայացվեց գործադիրի մարտի 30-ի արտահերթ նիստում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ նախագիծը հստակեցումների կարիք ունի, և կարելի է աշխատանքը կորցրած ամուսինների մասով որոշակի սահմանափակումներ դնել:
Ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանը նկատեց, որ հղի կանանց պարագայում որևէ սահմանափակում չի դրվելու, և եթե նրանց ամուսիններն օգտվում են նաև կառավարության ընդունած նախորդ աջակցության 6 միջոցառումներից, ապա այս մեկը ևս հասանելի կլինի նրանց համար:
Նախագծի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլ հարց ուներ սակայն. եթե հղի կնոջ ամուսինը մահացել է, այդ դեպքում ի՞նչ եք անում այդ կնոջ համար:
Քանի որ նախագծում այդ մասով որևէ հստակեցում արված չէր, ուստի Կառավարության անդամները պայմանավորվեցին նախագիծն ընդունել այն տարբերակով, որով ներկայացված է, հետագայում դրա վրա աշխատելու և բացերը լրացնելու պայմանով: