Բաժիններ՝

Մասնավոր հատվածում աշխատանքը կորցրած քաղաքացիներին կտրվի նվազագույն աշխատավարձի չափով միանվագ դրամական օգնություն

Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 2020 թվականի հունվարի 1-ից  մինչև մարտի 13-ն աշխատանքային պայմանագրով աշխատանքային հարաբերությունների  մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուների հետ, սակայն ազատվել են աշխատանքից մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, կստանան միանվագ դրամական աջակցություն՝ նվազագույն աշխատավարձի  չափով:

Այս  որոշման նախագիծն ընդունեց Կառավարությունն այսօր՝ մարտի 30-ի արտահերթ նիստում:

Առաջարկվող աջակցությունից, սակայն, չեն կարող օգտվել այն անձինք, որոնց՝  աշխատանքից ազատվելուց առաջ վերջին երկու ամսվա աշխատավարձը գերազանցել է 500 հազար դրամը, կամ նշված ժամանակահատվածում աշխատանքային հարաբերությունների մեջ են  գտնվել այլ  գործատուի հետ, կամ հանդիսացել են նաև անհատ ձեռնարկատեր:

Միանվագ այս աջակցությունից չեն օգտվի նաև այն քաղաքացիները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա և աշխատանքից ազատվել են արտակարգ դրության իրավական ռեժիմի հաստատումից հետո, որովհետև նրանց համար կառավարությունն արդեն ընդունել է 100 հազար դրամ միանվագ օգնություն տրամադրելու մասին որոշումը:

Նախագիծը չի տարածվում հանրային ծառայողների վրա:

Անձի աշխատանքից ազատված լինելու փաստի և ստացած եկամուտների մասին տեղեկատվությունն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը  կտրամադրի Պետական եկամուտների կոմիտեն:

Նշենք, որ այս որոշումը դարձավ  կորոնավիրուսի տնտեսական հետևանքները հաղթահարելուն միտված՝ կառավարության 6-րդը քայլը: Հիշեցնենք, որ ևս  5-ը գործադիրն ընդունել էր մարտի 26-ի նիստում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս