COVID-19. Ապաքինվածների թիվն անցել է 151 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 723 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 33 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 151 հազար 798: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 142 հազար 637 հաստատված դեպք կա: Մահացածների թիվը կազմում է 2 հազար 485: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 97 հազար 689-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 10 հազար 779 մարդ:
Վարակվածների թվով երրորդ տեղում Չինաստանն է, որտեղ ընդհանուր թիվը կազում է 81 հազար 470: Ի դեպ, Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին:
Չինաստանին, վարկվածության թվով մոտենում է Իսպանիան, որտեղ ընդհանուր թիվը 80 հազար 110 է: Այստեղ ևս բարձր է մահացության ցուցանիշը: Կորոնավիրուսով պայմանավորված մահացել է 6 հազար 803 մարդ:
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Իսպանիային հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 62 հազար 435 է: Վարակվածության բարձր ցուցանիշ ունենալով հանդերձ, այստեղ ցածր է մահացության ցուցանիշը՝ կազմելով 541:
Վիրուսից վարակվածության նկատելի աճ է գրանցվել Ֆրանսիայում. այն շրջանցել է Իրանին: Ֆրանսիայում գրանցվել է վարակի հաստատված 40 հազար 174 դեպք: Մահացել է 2 հազար 606 մարդ: Ֆրանսիային հաջորդում է Իրանը՝ 38 հազար 309 հաստատված դեպքով: Այստեղ մահացածների ընդհանուր թիվը կազմում է 2 հազար 640: Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 19 հազար 522 է, Շվեյցարիայում՝ 14 հազար 829:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 91 դեպք կա, Ռուսաստանում` 1534, Թուրքիայում 9 հազար 217:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։