Արցախում բուժհաստատությունների կողմից շարունակվում է վերին շնչառական ուղիների սուր վարակների մշտադիտարկման գործընթացը
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության բուժհաստատությունների կողմից շարունակվում է վերին շնչառական ուղիների սուր վարակների մշտադիտարկման գործընթացը:
2020թ. փետրվար ամսում արձանագրվել է 4948 ՎՇՈւՍՎ դեպք, որից 3795 կազմել են 0-18 տարեկան երեխաները, 2019թ. նույն ժամանակահատվածում՝ 3447 ՎՇՈւՍՎ դեպք, որից՝ 2956 կազմել են 0-18 տարեկան երեխաները: Գրանցվել է 1501 դեպքով աճ, այդ թվում` 0-18 տարեկան երեխաների շրջանում` 839 դեպք:
Ըստ լաբորատոր հետազոտության արդյունքների՝ հանրապետությունում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը և գրիպի Բ տեսակի հարուցիչները:
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.
✅ խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
✅ եթե հիվանդ եք, մնացե´ք տանը՝ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
✅ եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
✅ մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
✅ հագնվե´ք եղանակին համահունչ,
✅ պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
✅ օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
✅ հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
✅ հետևե´ք անձնական հիգիենայի կանոններին։