Բաժիններ՝

Կորոնավիրուսի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա արտակարգ դրության ժամանակ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է կորոնավիրուսի ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա արտակարգ դրության ժամանակահատվածում:

2019 թ. ներքին պահանջարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է մոտ 113%, մինչդեռ արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը` գրեթե 38%: Դա նշանակում է, որ ՀՀ-ում տնտեսության աճը հիմնականում պայմանավորված է ներքին պահանջարկով` տնային տնտեսությունների կողմից վերջնական սպառմանն ուղղվող ծախսերով, որոնց ծավալը 2019 թ. 2018 թ. համեմատ մոտ 13%-ով աճ է արձանագրել: Այդ աճը նաև պայմանավորված է տնային տնտեսություններին տրամադրված վարկերի ծավալների աճով: 2019 թ. տնտեսական աճին հիմնականում նպաստել են ծառայությունների ճյուղը և արդյունաբերությունը:

Ըատ կենտրոնի՝ սպասվող զարգացումներն հետևյալն են`

1. Մեկուսացված լինելու դեպքում հատկապես խնդիրներ կունենան մի շարք ծառայությունների ոլորտի` հատկապես ՓՄՁ-ների ներկայացուցիչները, հարկային պարտավորությունները կատարելու տեսանկյունից, քանի որ վերջինների հասույթը կկրճատվի, որի հետևանքով աշխատակիցներին հարկադիր պարապուրդի կուղարկեն: Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտի պարագայում հիմնականում խոցելի են կացության ծառայություններ առաջարկող հյուրանոցները, հյուրատները և այլն, որի հետևանքով այդ ընկերությունները վնասներ կկրեն` պայմանավորված զբոսաշրջիկների թվի կրճատմամբ:

2. Խուճապով պայմանավորված՝ կավելանան տնային տնտեսությունների ծախսերը մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների առումով, որի հետևանքով տվյալ ապրանքատեսակների դեպքում կարող է որոշակի գնաճ արձանագրվել: Տվյալ ապրանքատեսակներ արտադրողների ծավալները կավելանան, որի հետևանքով կարող են ավելի շատ հարկեր վճարել` կոմպենսացնելով մի շարք ՓՄՁ-ների չվճարած հարկերը: Առևտրի տեսանկյունից աճ կարձանագրվի խոշոր առևտրային ցանցերի կտրվածքով, որը որոշակիորեն կկոմպենսացնի և կարող է չեզոքացնել այլ ապրանքների վաճառքի գծով արձանագրված անկումը:

3. Արդյունաբերության տեսանկյունից խոցելի է համարվում մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտը, որի արտահանման ծավալները կկրճատվեն՝ պայմանավորված տարբեր երկրներում կորոնավիրուսի համաճարակի պատճառով մետաղների նկատմամբ կրճատվող պահանջարկով և անկում գրանցող գներով: 2020 թ.-ի փետրվարի 19-մարտի 19 ժամանակահատվածի կտրվածքով պղնձի համաշխարհային գինը մոտ 18.5% անկում են արձանագրել: Այս պարագայում արդյունահանող ընկերությունները կարող են դիմակայել այս անկմանը` ավելի շատ ծավալ վաճառելով: Մշակող արդյունաբերության մի շարք ոլորտներ՝ սննդամթերքի արտադրություն, դեղագործական արտադրանքի, ծխախոտային արտադրատեսակների և խմիչքի արտադրություններ, աճ կարձանագրեն տեղական սպառման աճի շնորհիվ` որոշակիորեն կոմպենսացնելով արտահանման ծավալների կրճատումը, եթե այն գրանցվի: Անկում կգրանցեն հիմնային մետաղների և այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունները: ՌԴ ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ որոշակիորեն կնվազեն սննդամթերքի/գյուղմթերքի և ալկոհոլային խմիչքի արտահանման ծավալները դեպի ՌԴ:

4. Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը (մասնաբաժինը ծառայությունների ոլորտում` 21.5% 2019 թ.) «վարկային արձակուրդների» պարագայում կսահմանափակի նոր տրամադրվող վարկերի ծավալները, ինչպես նաև ավելի խիստ պայմաններ կկիրառվեն, որի հետևանքով ոլորտի աճի տեմպերը կարող են դանդաղել:

5. Սահմանափակումների պատճառով արտագնա աշխատանքի չմեկնելու հետևանքով որոշ ընտանիքների եկամուտները կարող են կրճատվել, իսկ աշխատանքային միգրանտները դժվարություն կունենան ՀՀ-ում աշխատանք գտնելու տեսանկյունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս