Աննա Հակոբյանը որպես կամավոր է ներգրավվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներգրավվել է որպես կամավոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում և Երևանի փողոցներում իրազեկման ակցիա է անցկացնում։ Լրագրողների հետ զրույցում Աննա Հակոբյանը նշեց, որ ինքն էլ է ցանկանում իր լուման ներդնել այդ աշխատանքներում։
«ՀՀ առողջապահության նախարարությունն օրեր առաջ հայտարարել էր, որ կամավորներ է հավաքագրում այս արհավիրքին դիմակայելու համար։ Անմիջապես դիմեցի և ցանկացա ներգրավվել այդ կամավորական աշխատանքներում ու իմ լուման ներդնել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ ԱՆ նախարարությունից հայտնել էին, որ արդեն շատ մեծ թվով կամավորներ են գրանցվել և ցանկանում էին ինչ-որ կերպ ինձ հեռու պահել, սակայն մենք, միևնույնն է, պնդեցինք, որ ես պետք է անպայման որևէ բան անեմ»,- ասաց ՀՀ վարչապետի տիկինը։
Հակոբյանը թռուցիկներ էր բաժանում քաղաքացիներին, որտեղ գրված է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել կորոնավիրուսից պաշտպանվելու և դրա տարածումը կանխելու համար, ինչպես մեկուսանալ։
«Խորհուրդ եմ տալիս մեր քաղաքացիներին հետևել այն բոլոր խորհուրդներին, որ տրվում են մեր պատկան մարմինների կողմից։ Այս ընթացքում ինքնամեկուսացումից հետո առաջին անգամ եմ դուրս եկել, միայն մեկ անգամ ՀՀ վարչապետի հետ խանութ եմ գնացել և վերադարձել։ Այսօր քաղաքացիները փողոցում ինձ տեսել են, սակայն չեն մոտեցել, հեռավորության վրա միմյանց բարևել և առողջություն ենք մաղթել»,- նշեց Հակոբյանը։