Ինչո՞ւ է պետությունը մեզանից փող ուզում, նրանցից՝ չէ․ Անհատ տաքսու վարորդների և օնլայն տաքսիների հեռակա բանավեճը շարունակվում է
Դեռևս փետրվարի 28-ին անհատ տաքսու վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել ՊԵԿ-ի դիմաց։ «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ անհատ տաքսու վարորդների լիցենզիաների համար մոտ 900 մլն դրամի վճարներ կան կուտակված, որոնք գոյացել են 2016 թվականից: Խոսքը մոտ 5000 տաքսու վարորդի մասին է:
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի խոսքով՝ այն, ինչ ներկայացրել են, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը:
«Ներկա պահին գործող օրենսդրությամբ ոչ մի տարբերություն չեմ տեսնում անհատ տաքսու վարորդների և օնլայն տաքսի ծառայություններում աշխատող տաքսու վարորդների միջև: Օրենսդրական պահանջն այսօր հետևյալն է. Տաքսի ծառայություն մատուցող վարորդները պետք է ունենան լիցենզիա, որի համար գումարի վճարում օրենսդիրը չի նախատեսել: Լիցենզիայի առկայության դեպքում կարող են ծառայություն մատուցել, տարբերություն չկա օնլայն ծառայություն մատուցող և անհատ վարորդների միջև՝ հարկային բեռի առումով»,- մանրամասնել էր ՊԵԿ նախագահի տեղակալը:
Նրա փոխանցմամբ՝ ամիսը 12.000 դրամ լիցենզիայի գումար հիմա ոչ ոք չի վճարում:
«Նախկինում կային տուրքի գծով կուտակված պարտավորություններ: Կային քաղաքացիներ, ովքեր ժամանակին չէին վճարել այդ 12.000 դրամները: 2019թ. հուլիսին ընդունվեց օրենք, համաձայն որի՝ առաջարկվեց վճարել միայն մայր գումարները, և դրա նկատմամբ հաշվարկված բոլոր տույժ-տուգանքները կզրոյացվեն: Տրվեց 6 ամիս ժամանակ, որպեսզի մայր գումարները վճարեն: Շատ քաղաքացիներ վճարեցին և ազատվեցին տույժերից: Եթե հիմա մենք ունեցել ենք քաղաքացիներ, ովքեր այդքանից հետո չեն վճարել՝ հիմա ունեն պարտավորություններ, այո՛, դրանք ենթակա են վճարման»,- ընդգծել էր Ռաֆիկ Մաշադյանը:
Անհատ տաքսու վարորդները, սակայն, անդրդվելի են։
«Պարոն Մաշադյանն ասաց, որ Yandex տաքսի վարողն ու անհատ տաքսու վարորդը նույնն են, տարբերություն չկա։ Ինքը վատ բան չի ասում, իրենք պարզապես չեն կարողանում Yandex-ին ու GG-ին ասել, որ՝ դուք տաքսի եք։ Տաքսի սերվիս չե՞ն իրենք։ 50.000-100.000 մարդ որ վարում է՝ չեն տարբերվում լիցենզավորված տաքսիստներից։ Ինչո՞ւ է պետությունը մեզանից փող ուզում, նրանցից՝ չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց անհատ տաքսու վարորդ Հովսեփ Մկրտչյանը։
Արմեն Պետրոսյանի կարծիքով էլ՝ այդ հարցում Կառավարությունում փակուղի է։
«Նրանք իսկապես տեսնում են, որ քաղաքացիները, ովքեր վարում են օնլայն տաքսի, զբաղվում են ձեռնարկատիրությամբ։ Միգուցե ասում են՝ մենք պատվեր ենք ծախում, բայց դու պատվերը պետք է ծախես կամ տաքսի սերվիսին, կամ անհատ տաքսուն։ Ուրեմն, քաղաքացիները, ովքեր տաքսի են վարում, պետք է լիցենզիա ձեռք բերեն ու հարկ վճարեն, հաշվիչ դնեն, գազի բալոնի թուղթ ունենան։ Այնինչ իրենք խուսափում են, պետությունն էլ գնում իրական տաքսիստներից է փողը ուզում, ու կռիվ է լինում»,- նշեց անհատ տաքսու վարորդը։
Ավելի վաղ 168.am-ը հարց էր ուղղել ՊԵԿ նախագահի տեղակալին, թե ինչպե՞ս է լուծվելու հավասարության հարցը, և ճի՞շտ են այն տեղեկությունները, որ օնլայն տաքսիները հարկ չեն վաճարել մոտ 4 տարի, Ռ․Մաշադյանը պատասխանել էր, որ համամիտ է՝ դաշտում կա որոշակի անհավասարություն, ինչ վերաբերում է հարկերին՝ նա նշել էր.
«Ես ժխտում եմ այդ հայտարարությունը: Օնլայն տաքսիները հանդիսանում են հարկ վճարողներ»: