
«Զորամասերն ու զորամիավորումներն անհրաժեշտ քանակի նյութեր և պարագաներ են ստանում». Սահակ Օհանյան

Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսուն ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը հիշեցրեց, որ դեռևս փետրվարի 25-ին ՀՀ ԶՈւ ղեկավարի կազմի խորհրդակցությունից հետո որոշում կայացվեց նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված`իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես, զինված ուժերն անցան խիստ հակահամաճարակային իրավիճակի: Այն է` բոլոր զորամիավորումներում և զորամասերում բժշկական ծառայությունն անցավ ուժեղացված աշխատանքային ռեժիմի և կրկնապատկվեցին այն ջանքերը, որոնք ամենօրյա գործունեության ընթացքում ներդնում էր բժշկական ծառայությունը:
Այս համատեքստում Սահակ Օհանյանը շարունակեց, որ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելվեցին զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների):
«Թույլատրվեց միայն օրենքով սահմանված արձակուրդի մեկ տեսակ, որը նախատեսում էր մերձավորների մահվան կամ հարսանիքի դեպքերում: Հետագայում օրենքի այդ կետն էլ ավելի խստացվեց. եթե նախկինում զինծառայողը մասնակցում էր պապիկի, տատիկի հետ կապված արարողություններին, զարմիկի հարսանիքին, որից հետո քույր, եղբայր, հայր, մայր, այսինքն` այդ կոնտինգենտի հետ կապված տոնակատարությանը կամ թաղման արարողությանն էին մասնակցում, հորդորվեց ԶՈւ պայմանագրային կազմին արձակուրդների ընթացքում հնարավորինս ՀՀ տարածքը չլքել: Վերահսկողության տակ վերցվեցին ՀՀ տարածքից դուրս գտնվող զինծառայողները, որոնք ուսում էին անցնում արտերկրում կամ գտնվում էին արձակուրդում արտասահմանյան երկրներում: Վերադառնալուց հետո նրանք բոլորը հաշվառվեցին, և ամենօրյա մոնիտորինգի միջոցով իրազեկվում ենք ու համապատասխան միջոցառումներ իրականացնում»,- նշեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը:
Սահակ Օհանյանը վստահեցրեց, որ պաշտպանության նախարարի և ԳՇ պետի անմիջական միջնորդությամբ զինված ուժերում հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար նախատեսված պարագաների և նյութերի պաշարի ավելացում է իրականացվում, որոնք անհրաժեշտ քանակությամբ տրամադրվում են զորամասերին և զորամիավորումներին: