Բաժիններ՝

Առաջիկայում ԿԳՄՍ նախարարությունը կմեկնարկի «Տնից գրադարան և թանգարան» վիրտուալ ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր ենթակայությամբ գործող թանգարանների և գրադարանների հետ առաջիկայում կիրականացնի «Տնից թանգարան և գրադարան» առցանց ծրագիրը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասուլիսին ասաց, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման կախարգելման համար Հայաստանի Հանրապետությունում հաստատված արտակարգ դրության մշակութային կյանքում կան սահմանափակումներ։

«Շատ գործընկերներ թատրոններից, գրադարաններից, թանգարաններից առաջարկում են մի շարք հետաքրքրիր լուծումներ այս իրավիճակի համար և արդեն իսկ ծրագրեր են իրականացնում»,- նշեց Հարությունյանը։

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը նույնպես ընդգծեց թանգարանների ու գրադարանների վիրտուալ աշխարհին միանալու փաստը։ «Ուրախ ենք նաև, որ ստեղծվել է մեկ ընդհանրական հարթակ՝ «Տնից գրադարան և թանգարան», որի միջոցով բոլորը կարող են ներկայանալ մեկ տեղում։ Կա մի քանի հեշթեգ, որոնցով հնարավոր է գտնել այդ ծրագրերը՝ #տանըմնա, #թանգարանըկգատուն, #տնիցթանգարան, #միջթանգարանայինհամագործակցություն և այլն»,- ասաց Խաչատուրյանը։

Նա շեշտեց, որ սփյուռքահայերի համար, ովքեր ամբողջ աշխարհում այս օրերին մեկուսացած են՝ կլինեն արևմտահայերենով վիրտուալ ծրագրեր։ ԿԳՄՍ նախարարությունը նաև հատուկ ծրագիր է մշակել, որն առաջին անգամ կփորձարկվի Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմաուսումնական հաստատությունում մեկուսացված հայրենակիցների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս